ՀՀ կառավարության ս.թ. մարտի 31-ի նիստի որոշումներից 2-ը թելադրված էին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ: Ավելի վաղ ընդունված որոշումներից մեկով ՀՀ լիազոր մարմինները պարտավորվել են ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել յուրաքանչյուրի համակարգման ոլորտում գտնվող երրորդ երկրի հետ սահմանափակման ենթակա ապրանքի ներմուծման և արտահանման ընթացակարգերը: Այս պահանջի կատարման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը գործադրի քննարկմանն էր ներկայացրել մի որոշման նախագիծ, որով կարգավորվելու են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ կառավարության սահմանած' դրանց պրեկուրսորների արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի իրականացման արտոնագրման կարգերը և արտոնագրի ձևերը:

 


Բացի այդ, նախագծով սահմանվել են մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի, ինչպես նաև թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկերը' հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015թ. նոյեմբերի 17-ի հմ.150 որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 2.12 և 2.21 կետերը:
Որոշմամբ ստեղծվում է վերը նշված նյութերի արտոնագրման միասնական կարգ, կարգավորվում են համապատասխան հարաբերությունները: Որոշումն հստակ սահմանել է հայտատուների շրջանակը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, արտոնագրի տրամադրումը մերժելու, տրամադրված ատոնագիրը կասեցնելու և դադարեցնելու հիմքերը, արտոնագրի ձևերը, մաքսային մարմնից արտոնագրի կատարման վերաբերյալ տեղեկությունն էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին ներկայացնելու կարգը և այլն:
Մյուս որոշմամբ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ԵԱՏՄ ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանվան մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը: Նշված օբյեկտների գրանցման իրավասությունը վերապահված է ԵԱՏՄ անդամ պետությունների արտոնագրային գերատեսչություններին:

 


Պայմանագիրը գործողության մեջ մտնելու դեպքում տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան 1 հայտ ներկայացնելու միջոցով ԵԱՏՄ տարածքում գրանցել հատկապես այն ապրանքը, որը նախատեսված է այդտեղ շրջանառության մեջ դնելու համար: Դա նրանց հնարավորություն կտա օգտվել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի պաշտպանության այն մեխանիզմներից, որոնք նախատեսված են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ, քանի որ պայմանագրով նախատեսված գրանցումն իրավական առումով հավասարեցված է ազգային գրանցմանը:

 

Վլադ Կարախանյան