Ոչ մեկ ուշադրություն չդարձրեց, որ ՀՀԿ-ն իր քաղաքական դպրոցը ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք բերեց ԵԺԿ-ի, Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի (ԵԺԿ անդամ կուսակցության հիմնադրամ է) հետ հանդիպումներից հետո, հետեւաբար դա ավելի շատ արեւմտյան ուղեծրի կամ մոդելի դաշտում է: Բոլորը իրավացիորեն այն նույնացնում են կոմկուսի պարտիական դպրոցին եւ պատճառն այն է, որ ՀՀԿ-ն այն ստեղծում է հենց կուսակցության ներսում, ինչպես ԽՄԿԿ-ում, այլ ոչ թե մի փոքր "հեռու", ինչպես ԵԺԿ-ում է: ԵԺԿ անդամ կուսակցությունները, որպես կանոն ունենում են իրենց կից հետազոտական կենտրոնները, որոնց շրջանակներում էլ ստեղծվում են նման դպրոցներ՝ հաճախ Ակադեմիա անունով, օրինակ Ավստրիայում:

 

Թե հետազոտական կենտրոնը, թե դպրոց-ակադեմիաները անշուշտ կուսակցությանն են սպասարկում, բայց կուսակցության ուղեծրում են, ոչ թե նրա ներսում: Նրանք իրականում պրոպոգանդում են կուսակցության գաղափարախոսությունն ու ծրագիրը, բայց հարաբերականորեն անկախ հաստատություն են, քան կուսակցության որեւէ կառույց: Նրանք ոչ միայն կրթում են կուսակցական երիտասարդությանը, ինչը շատ կարեւոր է, այլեւ անկուսակցական երիտասարդներին, որոնք միգուցե հակվեն անդամ դառնալուն կամ դառնան կուսակցության հավատավոր ընտրող:

 

Բայց դե ՀՀԿ-ն ամենակարեւոր օղակը՝ հետազոտական կենտրոնը հանել է, որը աշխարհն ու տեղի ունեցող զարգացումները ներկայացնում է հենց կուսակցության ծրագրի, արժեքների ու գաղափարախոսության տեսանկյունից, ձեւակերպում կուսակցության վերաբերմունքը, մշակում այդ գաղափարները հասու դարձնելու մեթոդներ: Դրա փոխարեն վերցրել են դպրոցն ու մտցրել կուսակցությունից ներս (դա էլ հավանաբար Եդինայա Ռասիային գոհացնելու համար): Այս պարագայում երիցս ճիշտ է իմ քիֆ Ankakh Hayastan-ը, թե ով ինչ դասախոսություն կկարդա այնտեղ: Դե ճիշտ են արել, գիտելիքն ի՞նչ մի թիթիզություն է, որ... թե չէ՝ գիտահետազոտական-միտահետազոտական...
Հ.Գ. Մոոռացա ասեմ. չնայած այս դեֆեկտներին, ես ողջունում եմ ՀՀԿ անդամներին կրթելու առայժմ դեկլարատիվ հայտարարությունն ու գաղափարը: Աչքներս տեսնի փոփոխությունը:

 

Ստյոպա Սաֆարյան