Այսօր Հայաստանում կարևորագույն արժեհամակարգային խնդիրներից մեկը իրավական պետության կոնցեպցիան է: Այն, որպես ժողովրդավարության բաղադրիչ, չափազանց կարևոր է, սակայն պետք է հասկանալ, թե ինստիտուցիոնալ և գործընթացային ինչ դրսևորումներ են տեղի ունենում կամ պետք է տեղի ունենան այդ ճանապարհին: Ըստ այդմ, պետք է ուշադրություն դարձնել իրավական պետության հետևյալ սկզբունքների վրա.

 

ա) սոցիոմշակութային, որն ապահովում է ժողովրդավարական արժեհամակարգի իրավական մշակույթի մասը՝ այդ մշակույթի նկատմամբ սոցիալական բազայի կայացմամբ,

 

բ) համակարգային, որն ապահովում է հասարակության քաղաքական համակարգի իրավական ենթահամակարգի կայացումը, որի կարևորագույն սկզբունքը մարդու իրավունքների գերակայությունն է պետության օրենքների նկատմամբ:
Այստեղ կարևոր է պետական քաղաքականությունը՝ թափանցիկության և հաշվետվողականության ապահովման հիմքով: Այդ քաղաքականությունը պետք է ուղղվի իրավունքի իրացման ինստիտուտին: Իսկ իրավունքի իրացման ապահովումը նաև պետական իշխանության հաշվետու լինելու մեխանիզմ է և հակառակը՝ պետական իշխանության հաշվետու լինելը՝ իրավունքի իրացման հնարավորություն:
Այս առումով, սակայն, պետք է հաշվի առնել, որ հիբրիդային կամ անցումային ժողովրդավարությունները, պետական իշխանության գործունեության տեսանկյունից, ունեն գործառնական երեք մակարդակ, որոնք էլ կանխորոշում են իրավունքի իրացման ընթացքը.

 

1. Պետական իշխանությունը փակվում է և գտնում, որ իրավական պետությունը կառուցվում է առանց քաղաքացու մասնակցության և որոշակի սահմանների մեջ,

 

2. պետական իշխանությունը բացվում է և գտնում, որ իրավական պետությունը կայանում է քաղաքացու կողմից, այսպես ասած, «անհրաժեշտ բավարար վերահսկողականության» պայմաններում,

 

3. հիբրիդային մակարդակ. պետական իշխանությունում ոմանք առաջին մակարդակի կողմնակից են, իսկ մյուսները՝ երկրորդ:
Առաջին դեպքում մենք ունենում ենք ֆորմալ իրավական պետություն՝ առանց իրավունքի իրացման համար անհրաժեշտ սոցիալական բազայի և իրավական մշակույթի, երկրորդ դեպքում՝ ձևավորվում է անհրաժեշտ մշակույթն ու հանրային վերահսկողականությունը, երրորդ դեպքում՝ թեև խրախուսվում է մշակույթի կայացումը, բայց պետական իշխանության մյուս կողմը հաճախ գնում է զսպումների:
Հետևաբար, որպեսզի կայանա իրավական պետությունը, անցումային հասարակություններում պետք է գերակայի բաց վերահսկելիության սկզբունքը, որն էլ կզարգացնի այդ կոնցեպտի համար անհրաժեշտ թե սոցիոմշակութային, թե համակարգային բաղադրիչները:

 


Հայաստանում տեղի ունեցող գործընթացները, ի վերջո, գործընթացները կտանեն վերը նշված երկրորդ մակարդակով, որն էլ կհանգեցնի իրավական պետության համակարգային և սոցիոմշակութային ասպեկտների կայացմանը: Դրա արդյունքում՝ անցումային հարափոխն իր տեղը կզիջի ինստիտուցիոնալ կայունությանը:

 

Արման Սահակյան