Մտորումներ 1 ժամ Հանրապետության Հրապարակի մերձակա տարածքում իրականացված դիտարկումից.
1. Իրանցի ամեն զբոսաշրջիկի «պարսիկ» մի անվանեք:
Դա նույնն է, ինչ ժամանակին արևմուտքում ԽՍՀՄ ամեն մի քաղաքացու «ռուս» էին անվանում: Չուկչան էլ էր «ռուս», հայն էլ:
2. Մարդկանց մաշկի գույնով մի տարանջատեք: Իրանցի զբոսաշրջիկը, որքան ավելի թուխ մաշկ ունենա՝ այնքան ավելի արհամարհվող է: Հայերս ռասիստ չենք:
3. Եթե անգամ հետաքրքիր է իրանցի զբոսաշրջիկներին դիտելը, ապա դիտեք դեմքի հանգիստ արտահայտությամբ, չտես գյոռմամիշի տես աչքերը պլշել, զարմացական արհամարհական ու չարությամբ լի հայացքով մի ուղեկցեք:
4. Բարձրաձայն վիրավորական մտքեր հնչեցնելով մի քայլեք նրանց կողքով: 1). Մեզ՝ որպես քաղաքակիրթ ազգի ներկայացուցչի՝ հարիր չէ, 2) Որոշ հայհոյալից բառեր նրանք հասկանում են, հայհոյալից ձեր դեմքը մատնում է ձեր մտքերը, նրանք հասկանում են, որ այդ պահին «ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում» ասելով չեք անցնում իրենց կողքով:
5. Մարդկանց հանդեպ վերաբերմունք ցույց տվեք իրենց գործողություններին համապատասխան: Ամեն իրանցու մեջ մի տեսեք պոտենցիալ հանցագործ:
6. Ամեն տուրիստի մեջ տեսեք մեր երկիր փող բերողի: Ձեր վերաբերմունքով նպաստեք տուրիզմի զարգացմանը, որ էլ ավելի շատ կարճաժամկետ հյուրեր այցելեն մեր երկիր: Նպաստեք երկրի տնտեսության զարգացմանը:
7. Ամեն մեկս գիտակցենք, որ հենց յուրաքանչյուրիս կերպարով են երկրի հյուրերը կարծիք կազմելու Հայաստանի ու հայության մասին:
Արթուր Եղիազարյան