Ըստ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող Syrian Observatory for Human Rights սիրիական մարդասիրական կազմակերպության տարածած տեղեկատվության՝ սիրիական և ռուսական ռմբակոծիչների կողմից «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերին մոտ 70 ավիահարված է հասցվել Հոմս նահանգի հանրահայտ Պալմիրա քաղաքի մերձակայքում:
Չնայած մարտի 15-ին մեկնարկած՝ ռուսական օդատիեզերական ուժերի հիմնական հարվածային հատվածի՝Սիրիայի տարածքից դուրսբերման գործընթացին, այնուամենայնիվ, տարաբնույթ աղբյուրների կողմից պարբերաբար տեղեկատվություն է շրջանառվում ԻՊ-ի դեմ ռուսական ռազմական միավորների կողմից երբեմն իրականացվող ռազմագործողությունների մասին:
Պետք է նշել, որ վերջին 3 շաբաթների ընթացքում սիրիական կառավարական ուժերի կողմից նախաձեռնվել է Պալմիրայի ազատագրման գործողությունը, որը, սակայն, բավական դանդաղ է ընթանում. շրջանն իսլամականների վերահսկողության տակ էր անցել 2015թ. մայիսի կեսերին:
Մինչ այս, սիրիական բանակին հաջողվել է վերադարձնել Պալմիրայի հարևանությամբ ածխաջրածնային ենթակառուցվածքներ ունեցող շրջաններն, իսկ քաղաքի վերջնական ազատագրումը, մեծ հավանականությամբ, կիրագործվի մինչև ապրիլի կեսերը՝ Սիրիայում նախանշված խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակահատվածը:
Արմեն Պետրոսյան