Արդեն մի քանի օր է սպասում եմ, որ գոնե մեկը կգտնվի, որ ասի. «Տիկին Սեդա Ազնավուր, այլևս Ձեր հոր անունը Ձեր ամբիցիաներին տուրք տալով' մի՛ հոլովեք»: Սկսեմ սկզբից. ամենահայի' Շառլ Ազնավուրի դուստրը' Սեդա Ազնավուրը, բաց նամակ էր հղել ՀՀ Նախագահին, թե ազատ արձակեք դերասան Վարդան Պետրոսյանին: Հիմա էլ նամակն անպատասխան է մնացել ու այս տիկինը կատաղել ու մատ է թափ տալիս' շեշտելով. «Այլևս ոչ մի բան չսպասեք իմ հորից»:
Չեմ քաղաքականացնում, ոչ էլ պատրաստվում եմ ինչ-որ մեկին պաշտպանել, բայց առաջարկում եմ տիկին Ազնավուրին նայել չարաբաստիկ վրաերթի պատճառով զոհված Էդգար և Էդուարդ Հակոբյանների ծնողների ու հարազատների աչքերի մեջ ու կրկնել, որ Վ. Պետրոսյանը պետք է ազատության մեջ լինի, որովհետեւ մեծ մտավորական է ու սիրված դերասան, իսկ դուք ձեր վշտով ոնց ուզում եք տապակվեք: Այո, ոչ ոք չի ժխտում Պետրոսյանի տաղանդն ու սիրված լինելը, տեղի ունեցածն էլ որակվում է բացառապես ողբերգություն, ու դրա համար էլ հնարավոր բոլոր բարենպաստ պայմաններն ապահոված են Վ. Պետրոսյանի ե՛ւ ստեղծագործելու, ե՛ւ հնարավորինս մեղմ ու բարենպաստ պայմաններում անցկացնելու դատավճռով որոշված տարիները:
Էլ ի՞նչ աներ ՀՀ Նախագահը, որ տիկին Ազնավուրը գոհ մնար, իսկ կա՞ երաշխիք, որ հակառակ պարագայում նույն Ս. Ազնավուրը կամ իր նման լալահառաչ մտավորականներ չէին ասի, որ դատական իշխանության ու Նախագահի' ուսերին ծանրացած է մնալու երկու պատանիների մահվան մեղքը: Հանրությունը միամիտ չի, էն ժամանակ էլ պիտի ասեին' մարդասպան եք... Ամո՛թ է, երկու կյանք խեղվեց, ընտանիքի վիշտը չի սպիանալու, գոռալու փոխարեն, շշուկով է պետք խոսել այս մասին: Ու հանգիստ թողեք Վարդան Պետրոսյանին, երկու կյանքի դիմաց 5 տարի անազատությունը առ ոչինչ է: Տոկունություն ու համբերություն եմ մաղթում տաղանդաշատ Վ. Պետրոսյանին, մի քիչ խելք եմ մաղթում Սեդա Ազնավուրին (որպես երգչուհի ու արվեստագետ մի առավելություն ունի' Շառլ Ազնավուրի դուստրն է) և օբյեկտիվ դատելու կարողություն այս թեման շահարկողներին:
Սաֆարյան Հրանտ