Տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ֆեյսբուքի» իր էջում «ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար» խորագրով գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարում ծախսած գումարներին։ Այս առիոթվ Պարսյանը գրել է․

«ՀՀ կառավարությունը փոշիացրել է շուրջ 206 մլն դոլար

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ Վարչապետը ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), երբ այդ գումարները կարելի էր ուղղել բուն վարակի տարածումը կանխելու համար, մատնանշելով, որ կորոնավիրուսի դեմ պայքարում հաջողություն գրանցած երկրները այդքան գումար չեն բաժանել:

Հիշեցնեմ, որ դեռ մարտի 23-ին ՀՅԴ Գերագույն մարմինը ՀՀ կառավարությանն առաջարկել էր պետական միջոցները ծախսել հիվանդների բուժման, կարանտինային պայմանների ապահովման և պարենավորման վրա: Առհասարակ, անհնար է և հիմարություն կարանտինի պայմաններում խրախուսել տնտեսական ակտիվությունը: Ցավոք, կառավարությունը, տուրք տալով իր պոպուլիստական գործելաոճին, անտեսեց բոլոր առաջարկությունները և օգնության ձեռքերը:

Ներկայումս ճգնաժամը ավելի է խորանում, իսկ կառավարության զուտ ցանկությունը բավարար չէ խնդիրները հաղթահարելու համար: Հարկավոր է օր առաջ ապահովել ազգային ներուժի համախմբում' մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները»: