Ադրբեջանական մամուլը նույնպես կրկնում է թուրքական լրատվամիջոցների որոշ ակնարկները, որոնք «քար են գցում» Ռուսաստանի «բոստանը»: Ահաբեկությունը տեղի ունեցավ սիրիական կարգավորման Ժնևի բանակցության նախօրյակին: Ռուսաստանը պնդում էր, որ դրան մասնակցեն քրդերի ներկայացուցիչները, Թուրքիան կտրականապես դեմ էր:
Հենց կիրակի օրը ՌԴ արտգործնախարարը, պատասխանելով ռուսական RT ալիքի հարցերին, ասել էր, որ Թուրքիան ձախողում է Սիրիայի խնդրի խաղաղ կարգավորումը' գնդակոծելով քրդերի դիրքերը և նույնիսկ սեփական դիրքեր կառուցելով սահմանի սիրիական կողմում: Նախարարի կարծիքով սիրիաթուրքական սահմանը պետք է փակվի, իսկ Անկարայի գաղափարը, թե սահմանի երկայնքով պետք է 10 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել, սիրիական կողմից սոսկ կձգձգի պատերազմը:
Ահաբեկության պատճառով վարչապետ Դավութօղլուն չեղարկել է երեքշաբթի նախատեսված իր այցը Հորդանան, իսկ նախագահ Էրդողանը' Բաքու կատարելիք այցը: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ երկու եղբայրական երկրների ղեկավարներին երկար ժամանակ է, ինչ չի հաջողվում գումարել Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Նախորդ' փետրվարի 17-ի ահաբեկության ժամանակ նույնպես այդ նիստը հետաձգվել էր:
Ահաբեկություններն, այսպիսով, միտված են հենց Անկարա-Բաքու բարձր մակարդակի հանդիպման ձախողմանը:
Նախագահ Էրդողանը մարտի 13-ի ահաբեկության առթիվ խիստ հայտարարություն է արել' ասելով, որ ահաբեկության դեմ պայքարելու Թուրքիայի վճռականությունը միայն կուժեղանա մինչև դրա վերջը տրվի: Իսկ այսօր վերջապես նշանակվել է Անկարայի նոր ոստիկանապետը. այդ պաշտոնը թափուր էր 2015թ. հոկտեմբերից ի վեր: 55-ամյա ոստիկանապետ Մահմուդ Կարաարսլանը Թուրքիայի հարավարևելյան նահանգներում աշխատելու փորձ ունի:
Ահաբեկությունների ալիքը դժվարացնում է նախագահ Էրդողանի վիճակը: Նա իր պաշտոնը նվաճել է այդ թվում երկրի անվտանգությունն ապահովելու խոստման շնորհիվ: Երկիմաստ են դառնում Թուրքիան արագացված ընթացակարգով Եվրամիության անդամ դարձնելու ջանքերը, քանի որ երկրի անվտանգության վիճակը կարող է դարձյալ հեռացնել խնդրի դրական լուծումը:
Մյուս կողմից, կատարված ողբերգությունը, եթե դրա թիկունքում իրոք կանգնած է Քրդստանի աշխատանքային կուսակցությունը, Էրդողանին հնարավորություն կտա ավելի կոշտ խոսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, որոնք քրդական կուսակցությունը դաշնակից են համարում ԻՊ-ի դեմ մղվող պայքարում:
Ահաբեկությունն իսկական պատիժ է դարձել Թուրքիայի համար: 2015 թվականին և 2016-ի սկզբում արդեն զոհվել է 385 մարդ, 1049-ը' վիրավորվել: Նրանց մի մասը ԻՊ-ի զոհերն է, մյուսը' քրդական խմբավորումների, որոնք 1984 թվականից պատերազմ են մղում հանուն անկախության: Այդ ընթացքում, ի բաց առյալ կարճատև զինադադարը, զոհվել է մոտ 40 հազար մարդ: Ոչ ոք չգիտե, թե ինչպես է հնարավոր դադարեցնել այս բազմամյա արնահեղությունը:
Ադրբեջանական կայքերից մեկն էլ իր քաղաքական մեկնաբանություններն ավարտել է տարակուսանք հայտնելով, թե ինչու է իջեցված Բաքվի Դրոշի հրապարակում ծածանվող դրոշը: Ըստ կայքի, այն կարող է իջեցվել երկրում սուգ հայտարարվելու կամ էլ թե չէ ուժեղ քամու առկայության դեպքում: Ոչ սուգ է հայտարարված, ոչ էլ ուժեղ քամի կա, ուրեմն ո՞րն է դրոշի իջեցման պատճառը, հարց է տալիս կայքը' շատ լավ իմանալով պատասխանը. սուգ չի հայտարարվել, որպեսզի չզայրանա Ռուսաստանը, դրոշն իջեցվել է, որպեսզի չզայրանա Թուրքիան: Ի դեպ, այսօր կեսօրից հետո սույն տեքստը հանկարծակի անհետացավ կայքից:
Վլադ Կարախանյան