Անսպասելի հրամանով աշխատանքից ազատվել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Պաշտոնական տվյալներով սա կապված չէ Զախարյանի և Միկոյանի ուսանողական տարիների մտերմության հետ, այլ պարզապես կադրերի երիտասարդացման ուղղությամբ քայլ է:

 

Ինչպես հայտնի է Զախարյանն ու Միկոյանը միասին են սովորել Էջմիածնի ճեմարանում' Զախարյանը երկու կուրս բարձր էր ապագա պոլիտբյուրոյի ղեկավարից և մշտապես աջակցել է կրտսեր ընկերոջը բոլոր հարցերում: Ի սկզբանե Զախարյանի նշանակումը պաշտոնում կապում էին իր 150 տարվա փորձի հետ, սակայն երկրորդ սերնդի բարեփոումները անդրադարձան նաև փորձառու կադրերին:

 

Նորանշանակ նախարարը ընտրվել է' հաշվի առնելով իր արևմտյան կրթությունը և երիտասարդ տարիքը: Յոլյանը 1958-ին գերազանցությամբ ավարտել է Չեխոսլովակիայի պետական ինստիտուտի Մարքսիզմ-Լենինիզմի ֆակուլտետը և պաշտպանել է ատենախոսություն' «Գիտական կոմունիզմի հիմքերը 20-րդ դարում» թեմայով: Տիրապետում է շախմատի և 1968թ. Վոլգա մակնիշի մեքենայի' գերազանց վիճակում:

 

Իշխանության նոր պետական ռազմավարության համաձայն կառավարությունը այսուհետ բաղկացած է երիտասարդ և պրոֆեսիոնալ կադրերից: Քայլ առ քայլ երկրի ղեկավարությունը խոստանում է ազատվել 87 տարեկանից բարձր բոլոր պետական պաշտոնյաներից և նրանց փոխարինել ավելի դինամիկ և կենսունակ 75 տարեկաններով:

 

Պաշտոնական դոկտրինի մեջ նշված է ծրագրի նպատակը. «Այս պահին մեզ պետք են 50-ականների զարթոնքը տեսած կադրեր, որպեսզի համապատասխան ոգի փոխանցեն մեր նորանկախ երկրի կերտմանը: Միայն սովետական դպրոցն անցած կուռ կադրերը կարող են ստեղծել անկախ պետականության հիմքերը»:

 

Սահմանված նոր դոկտրինի համաձայն մեկ պորտֆել ամրագրված կլինի կապուտաչյա կադրերին, որոնք կծառայեն որպես ուրարտական խարտյաշ անցյալի հարգանքի տուրք:

 

ArmComedy