1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական ջոկատները վերահսկողության տակ առան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Խոջալի (Խոջալու) ավանը։ Շնորհիվ իր դիրքի այն վերահսկում էր Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհը, ինչպես նաև այդ ժամանակ ցամաքային շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միակ օդանավակայանը։
Ավանի խաղաղ բնակչության համար հատկացվեց հատուկ մարդասիրական միջանցք ՝ անմեղ զոհերից խուսափելու համար: Սակայն բուն գործողության արդյունքում բազմաթիվ զոհեր եղան ադրբեջանցի թուրքերից, ինչպես նաև Ուզբեկստանից գաղթած ու Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոջալիում հապճեպ բնակեցված թուրք-մեսխետցի փախստականներից։
Բաքուն չէր շտապում խաղաղ բնակչությանը դուրս բերել այդ տարածքից, փոխարենը ապահով ու անվտանգ տեղափոխել էր մեծ քանակությամբ անասունների, սրա մասին գրում են իրենց աղբյուրները: Խաղաղ բնակչության դուրս չբերելը վտանգավոր վայրից միայն հարցի մի կողմն է, իսկ հաջորդ ամենակարևոր հարցը այն է. ինչո՞ւ զոհվածների մեծ մասի մարմինները հայտնաբերվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ադրբեջանական կրակակետերի անմիջական հարևանությամբ։ Ոչ մի բան չի ասվում նաև այն մասին, որ գիշերվա երթի ժամանակ մոլորված ու ցրտահարված մարդկանց մի մասին հայկական կողմն է գտել ու փրկել։
Սակայն Խոջալուի դեպքերի այսքան մութ կողմերը չեն խանգարում Բաքվին ամեն տարվա փետրվար-մարտ ամիսներին ակտիվ կերպով շահագործել ողբերգությունը՝ աշխարհով մեկ հակահայկական քարոզչություն ծավալելու համար։
Ամեն փետրվար-մարտ ամիսների սահմանագծում Ադրբեջանի դեսպանատների, տարբեր երկրներում ադրբեջանական ու թուրքական համայքների և կազմակերպությունների ուժերով պարտադիր կերպով անց են կացվում Խոջալիի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ, որոնց նպատակն է հնարավորին չափով շատ օտարերկրացիների տեղեկացնել «հայկական ֆաշիզմի ու ահաբեկչության» մասին։
Այս գործողությունները նաև ուղղված են չեզոքացնելու արցախյան շարժման հերթական տարեդարձը, Սումգայիթի հայերի կոտորածը, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությանը:
Բացի այդ կլոր տարի Թուրքիան օգտագործում է Խոջալիի դեպքերը ոչ պակաս, քան որպես Մեծ Եղեռնի մեղադրանքներին հակակշիռ։
Վերջին տարիների ընթացքում ադրբեջանցիները հեղեղել են համացանցը «Խոջալիի ցեղասպանության» քարոզչությամբ:
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը զրպարտանքը կասեցնելու համար։ Ցավոք, հայկական տեսակետը համացանցում տարածող հատուկենտ աղբյուրներ կան։
Աշոտ Ասատրյան