Մելիայի տերեւների զտուկը դանդաղեցնում է ենթաստամոքսային քաղցկեղի զարգացումը եւ կարող է դրա բուժման արդյունավետ միջոց դառնալ: Այդ բացահայտումը շատ կարեւոր է, որովհետեւ այսօրվա դրությամբ քաղցկեղի այդ տեսակի բուժման արդյունավետ միջոց չկա:
Մելիան ծառ է, որը տարածված է եւ աճեցվում է արեւադարձային ու մերձարեւադարձային անտառներում: Նրա տերեւներն ու ծաղիկները նիմբոլիդ են պարունակում' նյութ, որը, գիտնականների խոսքով, հակաուռուցքային ազդեցություն ունի:

 


Գիտնականները նիմբոլիդի ազդեցությունը փորձարկել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների, ինչպես նաեւ մկների վրա: Պարզվել է, որ նիմբոլիդն ընտրովի ազդում է միայն ուռուցքային բջիջների վրա' ոչ մի կերպ չազդելով առողջ հյուսվածքների վրա: Այն ուժեղացնում է թթվածնի ռեակտիվ ձեւերի արտադրությունը, որոնք մասնակցում են ապոպտոզի եւ աուտոֆագիայի կարգավորմանը: Նյութի ներարկումը դանդաղեցնում է մետաստազների առաջացման գործընթացը: Ավելին, ուռուցքային բջիջների չափը եւ թիվը կրճատվում է 80 տոկոսով, իսկ տեղափոխման եւ տարածման նրանց կարողությունը' 70 տոկոսով:

 


Գիտնականները նաեւ նշել են, որ ենթաստամոքսային գեղձի բուժման համար նոր արդյունավետ դեղի մշակումը կարող է օգնել այն հիվանդներին, որոնց դեպքում արդեն անհնար է վիրաբուժական միջամտություն իրականացնել: Հեղինակներն ընդգծում են նաեւ, որ առայժմ վաղ է խոսել ուռուցքաբանության մեջ նիմբոլիդի օգտագործման մասին:

 


Վրեժ Հովսեփյան