Թերևս անհավանական է, որ Սիրիայում զինադադարի հաստատման վերաբերյալ պայմանավորվածությունները գործնականում կիրականացվեն այդ երկրում ծայր առած ռազմական դիմակայության մասնակիցների կողմից, քանի որ կրակի դադարեցման պայմաններում նախագահ Ասադի վարչախմբի պահպանումը Դամասկոսում հավասարազոր կլինի Դամասկոս-Մոսկվա-Թեհրան կոալիցիայի հաղթանակին: Այս եռամիության նմանօրինակ հաղթանակը լրջագույն խնդիրների առջև կկանգնեցնի Թուրքիային, Սաուդյան Արաբիային և Պրսից ծոցի մեծ ու փոքր միապետություններին, ինչպես նաև կարող է մեծ գլխացավանք դառնալ Իսրայելի համար:
Վերջիններիս համար առավել նախընտրելի տարբերակը կլինի Սիրիայի և Իրաքի ներկայիս տարածքների մի մասում տեղի սուննի ազրաբների կողմից մի այնպիսի նոր ինքնիշխան պետության հռչակումը, որն ի սկզբանե թշնամական դիրքորոշում կունենա շիա իսլամի հովանավոր Թեհրանի ու Բաղդադի, ինչպես նաև ալավիների առաջնորդ նախագահ Ասադի հանդեպ: Եթե դա տեղի ունենա, ապա կտրուկ կնվազի պաշտոնական Թեհրանի ազդեցությունը Սիրիայում և Լիբանանում, ինչը կհանգեցնի նաև նրա կողմից Իսրայելի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների ձևավորման ու գործնական իրականացման կարողունակության էական սահմանափակմանը: Սակայն սուննի դավանանքի բացարձակ գերակայությամբ և, հավանաբար, կառավարման եղանակի առումով, իսլամական կրոնապետություն հանդիսացող այդ նոր կազմավորման ստեղծումը վտանգավոր է Թեհրանի համար ոչ միայն այն պատճառով, որ դրա գոյությունն իսկ նկատելիորեն կկրճատի վերջինիս ռազմաքաղաքական ակտիվությունը սիրիական, լիբանանյան և իսրայելական ուղղությունների վրա:
Բանն այն է, որ Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի, կարևոր և, հավանաբար, անխուսափելի հետևանքներից մեկն էլ այն է լինելու, որ նույն Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջանների միավորման ճանապարհով կարող է տեղի ունենալ նաև քրդական անկախ պետության հռչակումը: Սա էլ, իր հերթին, կհանգեցնի ՔԲԿ-ի առաջնորդությամբ ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում անկախության համար զինված պայքար մղող թուրքաբնակ քրդերի դիրքերի ուժեղացմանը, ինչը կպարտադրի պաշտոնական Անկարային, սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրները լուծելու փորձերին զուգահեռ, զբաղվել նաև բուն Թուրքիայում քրդերի անջատողական նկրտումներից բխող վտանգները հարևան Իրանի հյուսիսային և հյուսիս-արևելելյան շրջաններում բնակվող էթնիկ թյուրքերի և քրդերի անջատողական ձգտումներն ակտիվացնելու միջոցով չեզոքացնելու խնդրով:
Այսինքն, պաշտոնական Թեհրանի համար սիրիական ճգնաժամի համատեքստում կրած պարտությունը ոչ միայն կհանգեցնի մերձմիջերկրածովյան շրջանում առ այսօր ունեցած շոշափելի ազդեցության կորստին և Միջերկրական ծովի առափնյա շրջաններից մինչև Պարսից ծոցը ձգվող, այսպես կոչված, շիա միասնական գոտու քայքայմանն ու դրա առանձին հատվածների լիակատար կղզիացմանը, այլև հղի կլինի Իրանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը սպառնացող ռիսկերով ու երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված առարկայական սպառնալիքների առաջացմամբ: Այս համատեքստում Սաուդյան Արաբիայի կողմից նախաձեռնված բազմազգ՝ հարյուր հազարավոր զինծառայողների մասնակցությամբ և հսկայական քանակությամբ տանկերի, ռազմական օդանավերի և այլ տեխնիկայի ներգրավմամբ, աննախադեպ զորախաղերը կարելի է դիտարկել , որպես պաշտոնական Թեհրանին ուղղված նախազգուշացում առ այն, որ Էր-Ռիադն ու իր դաշնակիցները Սիրիայի հարցում լուրջ են տրամադրված և իրենց նպատակներին հասնելու համար ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:
Արման Մելիքյան