Գաղտնիք չէ, որ արդեն երկու տասնամյակ է Ադրբեջանի կառավարման համակարգում ձևավորվել և իր խոր արմատներն է ձգել կլանային համակարգը: Այսինքն իշխանությունը կենտրոնացվել է, այսպես ասած նախիջևանյան կլանի ձեռքում: Ստեղծված իրավիճակը միշտ էլ դժգոհությամբ է ընկալվել շարքային ադրբեջանցու կողմից: Սակայն նավթի հսկայական պաշարների ստեղծած լայն հնարավորությունները թույլ էին տալիս Ադրբեջանի ավտորիտար իշխանությանը, գոնե որոշ չափով մեղմել ժողովրդական ցասման ալիքը:
Եվ եկավ, այսպես ասած, հատուցման ժամը: Համաշխարհային շուկայում նավթի գների թռիչքաձև անկումը և դրանից բխող մանաթի արժեզրկումը, ադրբեջանական տնտեսությանը կանգնեցրեցին կռախի առջև:
Անկեղծության համար պետք է նշել, որ չդիվեսիֆիկացված և միայն էներգակիրների ասեղի վրա նստած տնտեսության համար դա դեպքերի սպասելի ընթացք էր:
Վերոնշյալ իրավիճակը շատ անելանելի դարձրեց Ալիևի դրությունը, ով մինչ այդ կարողանում էր նավթադոլարների ընձեռած հնարավորություններով շտկել զանազան անախորժ իրավիճակներ:
Իսկ մարդու իրավունքների խայտառակ վիճակը և լրագրողների ու այլ ակտիվիստների նկատմամբ իրականցվող հետապնդումներն ու ձեռբակալությունները, ընդհանրապես կապեցին Ալիև կրտսերի առանց այդ էլ սահմանափակ տարածության մեջ շարժվող ձեռքերը:
Եվ այս պայմաններում Ալիևին (ըստ նրա տրամաբանության) մեկ այլընտրանք էր մնում, ձախողումների և անախորժությունների ամբողջ մեղքը բարդել հայերի վրա, որը նա անում է արդեն տևական ժամանակահատված: Սկսած քաղբանտարկյալներին հայերի կողմից հավաքագրվելու և լրտեսության մեջ մեղադրելուց' մինչև հայերի մեղքով «Բրիթիշ փեթրոլյումի» կողմից Ադրբեջանից պակաս քանակությամբ նավթ գնելը:
Եվ այս մեղադրանքների կուլմինացիան հանդիսացավ Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովը, որի ընթացքում Ալիևը կրկին ամեն ինչում մեղադրում էր հայերին: Բայց այս անգամ Ալիևին, իր տեղին հարցադրումով, «ճակատային հարված» հասցրեց հայ դիվանագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, որից հետո Ալիևը երկար «ուշքի չեկավ»:
Հարցի էությունը կայանում էր նրանում, թե ինչու՞ է Ադրբեջանը ամեն-ամեն ինչում մեղադրում Հայաստանին: Նման ամբիոնից և նման լսարանի առջև այդպիսի հարցադրումը հերթական անգամ «մերկացրեց» Ադրբեջանի իշխանություններին' այդ կերպ ցույց տալով նրանց իրական դեմքը: Եվ եթե հայերին ուղղված Ալիևի մեղադրանքները ներքին լսարանի մակարդակում գտնում էին իրենց հասցեատերերին և «մարսվում», ապա քաղաքակիրթ Եվրոպայի այդ բարձր ամբիոնից հնչող մեղադրանքները գրոշի արժեք չունեցան և միայն ցույց տվեցին Ադրբեջանի նախագահի անլրջության աստիճանը:
Հ.Գ. Այս ամենը ուղղակի զարմանք է առաջ բերում: Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը ավարտած Ալիևը պետք է, որ շատ լավ հասկանա, որ եվրոպական բարձր ամբիոնները' դրանք ադրբեջանական մեջլիսը չեն, իսկ միջազգային հանրությունն էլ Ադրբեջանի ապաքաղաքական բնակչությունը չէ: Թե ինչու՞ է Ալիևն իրեն այսօրինակ ցածրակարգ գործչի պես պահում, դա կիմանան միայն Ալիևն ու ՄԳԻՄՕ-յի' դիվանագիտության և քաղաքագիտության նրա դասախոսները, որոնց առարկաներից, խորհրդային ազդեցիկ գործիչ Հեյդարի որդին, ամենայն հավանականությամբ, բացակայում էր:
Հայոց Տուն