Սիրիական հակամարտության ողջ ընթացքում և դրա ազդեցությամբ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրողություններում, եթե ոչ միակ, ապա հաստատ՝ ամենաշատ շահող կողմը, առնվազն ցայժմ, Սիրիայի քրդերն են: Իհարկե, հակամարտության շրջանակներում այլ շահող ներսիրիական, նաև արտաքին մասնակիցների էլ կարելի է առանձնացնել, ասենք՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը, սիրիական հակակառավարական տարաբնույթ որոշ խմբավորումներ, Իսրայելը, Ռուսաստանը և այլն, մինչդեռ նշված բոլոր դերակատարների ձեռքբերումներն այնքան նշանակալից և խոստումնալից չեն, որքան Սիրիայի քրդերինը. հակիրճ բնորոշմամբ՝ վերջինները վերածվել են լրջագույն գործոնի՝ անգամ աշխարհաքաղաքականության բնագավառում:

 


Հատկապես վերջին 3 տարիների ընթացքում տասնամյակներ շարունակ նույնիսկ Սիրիայի քաղաքացիություն չունեցող քրդերն այսօր նույն Սիրիայի հյուսիսում, հյուսիս-արևելքում առնվազն լայն ինքնավարություն կերտելու ճանապարհին են, եթե ոչ՝ պետականություն ստեղծելու. ընդ որում, այդ իրավունքը նրանք վաստակել և շարունակում են վաստակել ամեն օր՝ սեփական ժողովրդի արյան գնով: Քոբանիի, Թալ-Աբյադի ճակատամարտերը Սիրիայի քրդերի համար, պատկերավոր ասած, մոտավորապես նույն նշանակությունն ունեն, ինչ, ասենք, 1820-30-ականների ազգային-ազատագրական պայքարը հույների, բուլղարների, ռումինների սերբերի համար:
Հիմնականում ԻՊ-ի դեմ պայքարող քրդական ուժերն իրենց այսօր ներկայացնում են, ոչ ավել, ոչ պակաս, Արևմտյան Քրդստանի (քրդ.Ռոժավայի) զինված ուժեր, իսկ նրանց հետ համագործակցության համար միմյանց հետ իրական «մրցավազքի» մեջ են մտել աշխարհաքաղաքական այնպիսի հակառակորդներ, ինչպիսին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Ավելին, Սիրիայում քրդական գործոնի հանդեպ վերաբերմունքը լուրջ հակասությունների պատճառ է դարձել այնպիսի ռազմավարական գործընկերների միջև, ինչպիսին Անկարան և Վաշինգտոնն են:

 


Իսկ փետրվարի 10-ին Մոսկվայում դեռևս Հ/Կ-ի իրավական կարգավիճակով, բայց դիվանագիտական ներկայացուցչության գործառույթներով օժտված Սիրիայի քրդերի պաշտոնական ներկայացուցչության ստեղծումը որակապես նոր իրավիճակ է ստեղծում Սիրիայում քրդական գործոնի հեռանկարների հետ կապված. այս առումով, առնվազն փորձագիտական մակարդակում նման կառույցների ստեղծման «շքերթ» է ակնկալվում արևմտյան մի շարք այլ մայրաքաղաքներում:
Մինչդեռ առկա պայմաններում դարձյալ ամենալուրջ անելիքը վերապահված է հենց նույն քրդերին, որոնք պետք է դրսևորեն չափազանց հավասարակշռված վարքագիծ և խոհեմ մոտեցում՝ ստեղծված իրավիճակը և ակնկալվող զարգացումներն սթափորեն ու օբյեկտիվորեն գնահատելու, ավելորդ ոգևորության չտրվելու առումով՝ հետագայում խաբված չլինելու, «պատմական պահը» ճիշտ օգտագործելու, և, ինչպես պատմությունն է բազմիցս ցույց տվել, գործոնից գործիքի չվերածվելու, իսկ օգտագործվելուց հետո անտեսվելու, «դեն նետվելու» ճակատագրին չարժանանալու համար...

 

Արմեն Պետրոսյան