Վերջին շրջանում բավականին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Վրաստանում կրկին աշխուժացել են ռուսամետ ուժերը, իսկ արևմտյան ազդեցությունը գնալով թուլանում է: Միևնույն ժամանակ հասարակության մի մասի մոտ անհանգստություն կա առ այն, որ Վրաստանի գործող իշխանությունները համապատասխան քաղաքականություն չեն իրականացնում ՛՛ռուսական ագրեսիայի՛՛ դեմ, և հակառակ դրան, պասիվ շփումների ձևաչափ են կառուցել Արևմտյան գործընկերների հետ: Նման մոտեցումն են առաջ քաշում հիմնականում ընդդիմադիր հայացքներով հանդես եկողները և մասնավորապես՝ երկրի խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը: Համանման դիրքորոշում է հաճախ արտահայտում նաև նախագահ Մարգվելաշվիլին, ինչը գուցե պայմանավորված է կառավարական վերնախավի որոշ ներկայացուցիչների հետ ունեցած տարաձայնություններով:
Ինչևէ, փաստ է, որ 2012թ.-ի խշխանափոխութոյւնից հետո Վրաստանը նախաձեռնեց Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման հործընթաց, ինչն անխոս էսպես, թե էնպես անդրադառնալու էր ինչպես գործող իշխանությունների գործելաոճի, այնպես էլ տրամադրությունների փոփոխություններ էր առաջացնելու հանրության շրջանում՝ ի նպաստ ռուսների: Ներկայում ականատես ենք լինում մի գործընթացի, երբ Վրաստանի արևմտյան ինտեգրացիան դժվար ժամանակներ է ապրում, և չնայաց այն իրողությանը, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ստորագրել է Ասոցացման համաձայնագիրը, ապա նաև մի քանի ամսից Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ն վերացնելու է վիզային արգելքը, միևնույնն է, Վրաստանի համար կարևորագույնն է մնում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և անդամությունը այդ կառույցին, սակայն այդ ուղղությամբ Վրաստանի կողմից իրականացվող քայլերը նշանակալի կամ սպասված արդհունք չեն տալիս: Իսկ պատճառն այն է, որ հենց ՆԱՏՕ-ն այսօր պատրաստ չէ ընդունելու Վրաստանին իր կազմը:
Այդ մասին նույնիսկ մի քանի օր առաջ հայտարարություն հնչեց կառույցի ղեկավարության կողմից, որով հաստատվեց, որ ՆԱՏՕ-ի մուտքի դարպասները փակ են Վրաստանի համար, քանի որ դա թույլ չի տա Ռուսաստանը: Նշանակում է՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները կրկին հուսախաբ են անում Վրաստանին, և արդեն բացեիբաց:
Ավելին, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կարծես ռուսներին հուշում է, որ եթե Թբիլիսիի հետ հարաբերությունները բարելավվեն, ապա Վրաստանը հնարավորություն կունենա անդամակցելու ՆԱՏՕ-ին: Ի՞նչ է դա նշանակում. այն որ ռուսները չեն անցնի այն սահմանը, որը կարող է բերել վերոնշյալ անդամակցությանը: Ստացվում է՝ ՆԱՏՕ-Ռուսաստան այդ խաղը ավելի է հեռացնելու Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիոն ճանապարհը: Այդ իրավիճակում Թբիլիսին ստիպված է լինելու կամ հաշտվել տվյալ իրողությունների հետ կամ ուղղակի հետ կանգնել վերոնշյալ գործընթացից և հույսը կտրել ՆԱՏՕ-ից:
Ի դեպ, ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Կլեպերի համոզմամբ՝ ռուսական ազդեցության մեծացումը Վրաստանում լրջորեն վնասում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացին: Կլեպերը սենատում ելույթի ժամանակ հնչեցրած իր այդ կարծիքին հավելել է, որ Ռուսաստանը շարունակելու է ճնշում գործադրել Թբիլիսիի վրա՝ ստիպելով վերջինիս հրաժարվել արևմտյան ինտեգրացիայից, և դա վտանգավոր է, քանի որ իրոք կարող է բերել նրան, որ Վրաստանը հրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից:
Ավելորդ չէր լինի նաև հիշել, որ Վրաստանի իշխանությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում բավական խիստ հայտարարությւններով են հանդես գալիս՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությունից պահանջելով հստակեցում՝ կապված ՄԱՊ-ի տրամադրումն ուշացնելու հետ: Մասնավորապես խորհրդարանի ղեկավարը, ինչպես նաև պաշտպանության նախարարը ընդգծել են, որ եթե ՆԱՏՕ-ն Վրաստանի նկատմամբ չփոխի իր դիրքորոշումը և չարագացնի անդամակցության գործընթացը, ապա վրաց հասարակությունը մեծ հիսթափություն կապրի, ինչն անխոս լուրջ հետևանքներ կունենա ինտեգրացիոն գործընթացների վրա:
Ալիկ Էրոյանց