Վերջին օրերին հանգուցային գործընթացներ են տեղի ունենում սիրիական հակամարտության շրջանականերում, ընդ որում՝ և՛ ռազմադաշտում, և՛ արտաքին դերակատարների շրջանում. ցայտնոտային իրավիճակ է ստեղծվել հատկապես Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում:
Բանն այն է, որ դեռևս փետրվարի 3-ին սիրիական բանակային ստորաբաժանումների, վերջիններին հարող ազգային ինքնապաշտպանական ուժերի, լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության, ինչպես նաև ռուսական օդատիեզերական ուժերի համատեղ հաջող ռազմագործողություների արդյունքում Սիրիայի հյուսիսում՝ Հալեպ նահանգի հյուսիս-արևմուտքում, ճեղքվեց շիայաբնակ Նուբլ և ալ-Զահրա բնակավայրերի՝ արդեն մոտ 4 տարի շարունակվող պաշարման օղակը:

 

 

Ավելին, զարգացնելով հաջողությունները՝ կառավարական ուժերը ներքին զինված հակամարտության ողջ ընթացքում առաջին անգամ կտրեցին մի կողմից ընդդիմադիր խմբավորումների և Թուրքիայի, մյուս կողմից՝ Հալեպի արևելյան շրջաններում և Իդլիբում ամրացած հակակառավարական խմբավորումների միջև կապը՝ դրանով իսկ փաստացի ծայրահեղ ծանր իրավիճակ ստեղծելով վերջինների համար: Ըստ էության, վերոնշյալ շրջանները, որոնք էականորեն կախված են ինչպես Թուրքիայից ստացվող էներգակիրների, սննդի, դեղորայքի, սպառազինության մատակարարումներից, ներկայում հայտնվել են օրհասկան վիճակում. պետք է նշել, որ դեռևս 2015թ. հունիսին «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և մի քանի ընդդիմադիր խմբավորումների համախմբած «Ջայշ ալ-Ֆաթհ» կառույցի միջև կայացած համաձայնության արդյունքում վերջինի վերահսկողության ներքո գտնվող ուղիներով ԻՊ-ի նավթը հասնում էր դեպի Իդլիբ և Թուրքիայի տարածք:

 

Բացի այդ, վերոնշյալ կառույցները փոխհամաձայնության էին հանգել իրենց կողմից վերահսկվող տարանցիկ ճանապարհային հանգույցներում չխոչընդոտել առևտրի իրականացմանը: Ստեղծված իրավիճակում Իդլիբի մատակարարումները հնարավոր են միայն Բաբ ալ-Հաուա սահմանային անցակետի միջոցով, որը ևս, կարծես, թիրախավորվել է սիրիական կառավարական ուժերի կողմից:
Այսպիսով, ըստ էության, կարելի է փաստել, որ վերոնշյալ ռազմագործողությունների և հատկապես ռուսական օդուժի ակտիվ մասնակցության արդյունքում սիրիական հակամարտության ողջ ընթացքում երկրի հյուսիսում՝ Լաթակիայից մինչև Հալեպ Թուրքիայի կողմից ստեղծված ազդեցության գոտիները գրեթե ամբողջությամբ չեզոքացվեցին. հենց սրանով է պայմանվորված այն ցայտնոտային իրավիճակը, որում հայտնվել են թուրքական իշխանությունները, և հենց այս զարգացումներն էին, որոնք փակուղի մտցրին սիրիական հիմնախնդրի լուծմանը նվիրված «Ժնև 3» համաժողովը:

 


Մյուս կարևոր խնդիրը, որն արդեն իսկ սպառնում է Անկարային՝ հումանիտար ճգնաժամի առջև կանգնած Հալեպի և Իդլիբի որոշ շրջաններից տասնյակ հազարավոր գաղթականների հոսքերն են դեպի Թուրքիա. ներկայում Հալեպի ուղղությամբ սիրիա-թուրքական սահմանի սիրիական հատվածում արդեն իսկ կուտակվել են ավելի քան 30 հազար գաղթականներ, առաջիկա օրերին նրանց թիվը կարող է հասնել 70-100 հազարի (ընդհանրապես, Հալեպի՝ ընդդիմության վերահսկողության ներքո գտնվող շրջանների բնակչության թիվն անցնում է 350 հազարից): Սրանով է բացատրվում նաև Թուրքիայի և նրա տարածաշրջանային գործընկերների՝ Պարսից ծոցի արաբական միապետությունների կողմից սիրիական հակամարտության ռազմական ընթացքում տրամագծորեն նոր համատեղ իրավիճակային լուծումներ գտնելու վերաբերյալ վերջին օրերին ակտիվացած փորձերը:

 


Առկա պայմաններում ռազմադաշտում իրավիճակի հետագա զարգացումը կախված է սիրիական բանակի և նրան հարող ուժերի հետագա գործողությունների տրամաբանությունից: Այս առումով, կարծես, ուրվագծվում են 3 հնարավոր սցենարներ: Առաջինի դեպքում՝ կառավարական ուժերը կդադարեցնեն հետագա առաջխաղացումը՝ պահպանելով ներկա դիրքային իրավիճակը՝ նաև վերջնականապես չձախողելու համար «Ժնև 3» համաժողովը, որը հետաձգվել է մինչև փետրվարի 25-ը: Հաջորդ հնարավոր սցենարը՝ Իդլիբի վերջնական ազատագրման գործողությունն է՝ միաժամանակ 3 ուղղություններով՝ Հալեպից, Լաթակիայից և Համայից իրականացվելիք հարձակումների արդյունքում: Իսկ հետագա զարգացումների 3-րդ հնարավոր տարբերակը Հալեպի վերջնական ազատագրման գործողությունն է, որն, ի տարբերություն Իդլիբի, թեպետ շատ ավելի ազդեցիկ է, բայց նաև՝ նույնքան բարդ իրականանալի:
Իսկ թե ինչպիսի ընթացք կստանան զարգացումները, ցույց կտան հատկապես Սիրիայից դուրս ծավալվող գործընթացները, և հատկապես՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռքբերվելիք դեռևս լատենտային փուլում գտնվող պայմանավորվածությունները:

Հ.Գ. Գրառմանը կցված քարեզում պարզորոշ արտացոլված է Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

 

Արմեն Պետրոսյան