ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր օրենքի նախագիծ եմ ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։
ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար բնակարանի անձեռնմխելիության իրավունք է երաշխավորում։ Այս իրավունքն այսօր չի գործում անչափահաս (այդ թվում փոքրահասակ) քաղաքացիների պարագայում։ Նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների (սեփականատերերի) կողմից գրավադրվում են բանկերին կամ ֆինանսական այլ հաստատություններին: Հաճախ, գրավատուների կողմից վարկերի կամ ներգրաված դրամական միջոցների չվերադարձման պարագայում, գրավառուները բռնագրավում են գրավադրած բնակարանը։ Արդյունքում խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալու սահմանադրական իրավունքը։ Շատ երկրներում (այդ թվում հետխորհրդային) արգելվում է գրավադրման դիմաց բնակարանների բռնագրավումն ու իրացումը բանկերի կողմից»: