Փոքրիկ ձկնիկը
Առակ
Սենյակում դրված է երկու տարա' մեծ և փոքր: Փոքր տարայում երկար ժամանակ լողում է ձկնիկը: Անմիջապես նրա կողքին գտնվում է ավելի մեծ տարա, որտեղ ձկնիկն իրեն ավելի լավ կզգար և ավելի ազատ կլողար: Բայց մեծ տարայում հայտնվելու համար պետք է ցատկել: Իրականում ձկնիկը կարող է ցատկել, բայց նա չգիտի այդ մասին: Նա վախենում է ցատկել, քանի որ մտածում է. «Իսկ եթե չկարողանա՞մ, իսկ եթե հանկարծ դուրս ընկնե՞մ»: Նա անընդհատ ուզում է ցատկել, բայց միշտ ինչ–որ բան նրան հետ է պահում: Ձկնիկն արդեն սովորել է փոքր տարային և այնտեղ իրեն ավելի ապահով է զգում. չէ՞ որ պետք չէ ոչ մի տեղ ցատկել: Բայց մի օր ձկնիկն այլևս չի դիմանում:

 

«Ինչ լինելու է, թող լինի, ես ուզում եմ ավելի ազատ լողալ»,— մտածում է նա և դուրս է ցատկում: Երբ ձկնիկը բացում է աչքերը, տեսնում է, որ արդեն հայտնվել է մեծ տարայում: «Մի՞թե ես կարողացա,— ուրախությունից բացականչում է ձկնիկը,— ես արդեն մեծ տարայո՜ւմ եմ»: Նա սկսում է լող տալ, թռվռալ, ուրախանալ. ինչքա՜ն շատ տարածություն կա լողալու համար: Նա այնքան է լողում նոր տարածքում, մինչև հոգնում ու կանգ է առնում: «Ինչքա՞ն ժամանակ է, որ այս ամենն իմ կողքին էր, իսկ ես վախենում էի ցատկել: Ի՜նչ հեշտ էր ամեն ինչ, ինչո՞ւ ես շուտ չէի ցատկում»,— մտածում է ձկնիկը: Հանկարծ նա նկատում է, որ ինչ–որ մեկը հետևում է իրեն այս գրքի էջերից: Նա լողալով մոտենում է անծանոթին, կանգ է առնում նրա դիմաց և ասում. «Թող այս պատմությունը Ձեզ օրինակ լինի:

 

Երբեմն մենք այնքան ենք սովորում մեր առօրյային, որ վախենում ենք փոխել այն, չնայած գիտենք, որ հնարավորությունը մեր կողքին է: Մենք վախենում ենք դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, չնայած հասկանում ենք, որ դրանում մնալով ոչինչ չենք փոխի: Ես կատարեցի իմ ընտրությունը, չնայած վախենում էի: Դուք նույնպես մի՛ վախեցեք կատարել Ձեր ընտրությունը, դո՛ւրս եկեք Ձեր հարմարավետության գոտուց»:

Հրաչյա Մանուկյան

 

Սիրարփի Մարգարյան