1919թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920թ.-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ' Գյումրի) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը:

 


Համալսարանի բացմանը մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի' 1920թ.-ի փետրվարի մեկին կարդացած դասախոսությամբ: Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ' պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող և 32 դասախոս:
Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի' պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը և ուրիշներ:

 


Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանով 1920թ.-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երևանի ժողովրդական համալսարան: Երևանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
Նախորդ դարասկզբի 20-ական թթ. համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ' Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի' սև տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետ' Հասարակագիտական և Բնագիտական: Իսկ արդեն 1921թ.-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետ' Բնագիտական, Արևելագիտական, Տեխնիկական, Մանկավարժական և Խորհրդային շինարարության:
Այնուհետև Բնագիտական ֆակուլտետը վերաձևավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922թ.-ի մարտին բացվեց նաև Բժշկական ֆակուլտետը: Կառավարության 1923թ.-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն' ժողհամալսարանը վերանվանվեց պետական համալսարան: Ըստ այդմ' բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաև խստացան կրթօջախին ներկայացված պահանջները:

 


Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած և մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:

 

Անի Ասլանյան