Իսրայել պետությունը, որը հանդիսանում է Իրանի լրջագույն հակառակորդներից մեկը մերձավորարևելյան տարածաշրջանում, վերջին առնվազն երկու տասնամյակների ընթացքում իր արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն էր համարում Իրանի միջուկային ծրագրի հանգուցալուծումը, բայց առավելապես՝ ռազմական ճանապարհով: Եվ դա է պատճառը, որ միջուկային հիմնախնդրի կարգավորման նման ճանապարհն իսրայելական հասարակական-քաղաքական հատկապես ընդդիմադիր շրջանակներում որակվեց՝ որպես Իսրայելի արտաքին քաղաքականության խոշորագույն տապալում:
Պատահական չէ, որ պատժամիջոցների ռեժիմի դադարեցումից անմիջապես հետո իսրայելական տեղեկատվական-փորձագիտական դաշտում սկսվեցին տարաբնույթ վերլուծությունները, կանխատեսումները՝ արդեն ապամեկուսացած Իսլամական Հանրապետության հնարավոր ձեռքբերումների մասին, և որ առավել հատկանշական է՝ մեծամասամբ ռազմական ներուժի՝ ժամանակակից միջոցներով հզորացման հետ կապված: Այսպես, միաժամանակ իսրայելական մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով երկրի անվտանգության ծառայությունների սեփական աղբյուրներին, տեղեկատվություն տարածեցին առ այն, որ Իրանը պատրաստվում է ծախսել 21 մլրդ դոլար՝ ամենաարդիական սպառազինություն՝ կործանիչներ, հրթիռներ, զինամթերք ձեռք բերելու նպատակով:
Մասնավորապես, նշվում է, որ Իրանը մտադիր է գնել Ֆրանսիայից Rafale տեսակի ամենաժամանակակից կործանիչներ, որոնք ի զորու են հաղթահարել անգամ արդի ռադիոտեղորոշիչ կայանների հնարավորությունները: Բացի այդ, Իսլամական հանրապետությունը ցանկանում է նաև ձեռք բերել Т-90 տեսակի տանկեր, Яхонт տեսակի հրթիռներ, Су-30 և Су-35 տեսակի ռազմական ինքնաթիռներ և այլ բնույթի ժամանակակից զինամթերք: Բացի այդ, նշվում է, որ Իրանը նպատակ ունի՝ սեփական տարածքում Т-72 տեսակի ռուսական տանկերի արդիականացում կազմակերպելու:
Սակայն Իսրայելում ամենամեծ մտավախությունն առաջացնում է այն իրողությունը, որ Իրանը ժամանակակից սպառազինություն կփոխանցի իր տարածաշրջանային արբանյակներին՝ «Հիզբալլահին» և «ՀԱՄԱՍ-ին», որոնց առանցքային թիրախը հենց Հրեական պետությունն է: Բացի այդ, պատժամիջոցների դադարեցումը թույլ կտա Իրանին տարբեր նպատակներով օգտագործել ապասառեցված ֆինանսական ակտիվները, որոնց հանրագումարը, տարբեր հաշվարկներով, կարող է գերազանցել 100 մլրդ դոլարը:
Մինչդեռ այս համատեքստում բավական հետաքրքիր է իսրայելցիների կողմից հունվարի 16-ից հետո առկա նոր իրավիճակի բնութագրման եղանակը՝ մոտավորապես հետևյալ կերպով՝ «Դա վատ օր է արևմտյան աշխարհի համար: Իրանի կողմից ձեռք բերվելիք ֆինանսական միջոցների մեծ մասը ծախսվելու է ռուսական զինամթերքի գնման վրա». ասել է թե՝ Արևմուտքն առաջին հերթին հարվածեց հենց սեփական շահերին:
Արմեն Պետրոսյան