Հայտնի է' որտեղ դիվանագիտությունը անզոր է, այդտեղ գործի են անցնում զենքերը: Բայց Փառք ԱՍՏԾՈ, Իրանի պարագայում «Դիվանագիտություն» հասկացությունը կարողացավ ներկայանալ իր ողջ հմայքով ու փայլով:
Անկեղծության համար պետք է նշել, որ մի քանի տարի առաջ, երբ դեռ Իրանի նախագահն էր արմատական տրամադրություններով հայտնի Մահմուդ Ահմադինեժադը, և երբ ամբողջ ծավալով գործի էր դրվել Իրանի միջուկային ծրագիրը, աշխարհը կանգնած էր նոր մարտահրավերի առջև, քանզի այդ ժամանակ մեկ անգամ չէ, որ շրջանառվեցին ԱՄՆ-Իրան առճակատման մասին լուրերը: Իրականում, ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ չէր կարելի բացառել զարգացումների ցանկացած սցենար, այդ թվում և ակտիվ ռազմականը:
Հարկ է նշել, որ Իրանի այն ժամանակվա ղեկավարության համար, ինչքան էլ որ կարևոր էր միջուկային զենք ունենալու հանգամանքը, սակայն իրանական բարձրագույն էսթաբլիշմենթը շատ լավ էր պատկերացնում, թե ինչ թանկ է վճարում Իրանը իր միջուկային ծրագրի համար: Բացասականը ավելի շատ էր, սկսած արևմտյան բանկերում իրանական բազմամիլիարդանոց հաշիվների սառեցումից մինչև նավթի և գազի արտահանման և նաև արտահանման հնարավորությունների կրճատումը: Այս ամենի ստեղծած բացասական ծանր բեռն էլ, ամենաշատն իր վրա զգում էր Իրանի հասարակ քաղաքացին:
Բայց ի՞նչ եղավ հետագայում: Իրավամբ, 2013 թվականի հունիսի 15-ը դրեց Իրանի նորագույն պատմության շրջադարձային փոփոխությունների սկիզբը: Այդ օրը Իրանի նախագահական ընտրություններում հաղթեց չափավոր հայացքներով հայտնի Հասան Ռոհանին: Եվ հենց այդ ժամանակ էլ դրվեց օրերս կնքված «Իրանական գործարքի» առաջին հիմնաքարը:
Իրանի նոր նախագահը երկրի նոր արտգործնախարար նշանակեց փայլուն դիվանագետ և հմուտ բանակցող Մոհամադ Ջավադ Զառիֆին: Ապա դեպքերը զարգացան սպասվածի պես: Իրանը և P5+1-ը (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամները և Գերմանիան) վերսկսեցին բանակցությունները Ժնևում 2013թ. հոկտեմբերին: Բանակցություններին Իրանը արդեն ներկայացված էր իր նոր թիմով, որը գլխավորում էր ԱԳ նախարար Ջավադ Զառիֆը:
Ինչպես գիտենք, 2 տարվա ընթացքում Ժնևում և Վիեննայում եղան մի քանի տասնյակ հանդիպումներ և վերջո մեծ դժվարություններից հետո կնքվեց, այսպես կոչված, «Իրանական գործարքը», իսկ այսօրվանից էլ հանվեցին Իրանի նկատմամբ գործող բոլոր պատժամիջոցները:
Հ.Գ Այսպիսի դիվանագիտական մեծ հաջողությունները պատահականություն արդյունք չեն կարող հանդիսանալ: Դրանք բազմաչարչար աշխատանքի, մեծածավալ պատրաստությունների ու ջանքերի պտուղ են: Ահմադինեժադի փոփոխությունը Ռոհանիով, արևմտյան կրթություն ստացած և ԱՄՆ-ում Իրանի դեսպան եղած Ջավադ Զառիֆին արտգործնախարար նշանակելը, Իրանի ավելի կոմպրոմիսային գործելաոճ որդեգրելը: Ինչպես երբեք, այս դեպքում ևս, պատահական ոչինչ չկա…
Հայոց Տուն