Այսօր 20-րդ դարի խոշարագույն հայ կինոռեժիսոր, Հայաստանի և Ուկրաինայի ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ բացի հնավաճառական խանութից, ուներ նաև մի քանի այլ հաստատություններ՝ այդ թվում՝ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակական տուն։ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակական տան համար։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից։

 

Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում։

 

1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը:

 

1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում։ Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նումով, Յուրի Օզերով, Մարլեն Խուցիև, Ֆելիքս Միրոներ, Հենրիխ Գաբայ, Նիկոլայ Ֆիգուրովսկի, Լատիֆ Ֆայզիև և Գրիգոր Մելիք-Ավագյան։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ 1948 թվականին՝ «Երրորդ հարվածը» և 1951 թվականին՝ «Տարաս Շևչենկո» ֆիլմերին։ 1949 թվականին սկսեց աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, որտեղ աշխատեց մինչև 1960 թվականը։

 

Փարաջանովը ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը։1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղա», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

 

1964 թվականին Փարաջանովն Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձավ 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրեց այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։ 1966 թվականին Կիևի Համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի։ Սակայն արևմուտքում (այնտեղ ֆիլմը ցուցադրվում էր «Հրեղեն ձիերը» անվամբ) ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան հայրենիքում։ 1965 թվականին ֆիլմը մրցանակներ ստացավ նաև Բրիտանական ակադեմիայից, Հռոմի և Մար դել Պլատայի փառատոներից։ 2 տարվա ընթացքում ֆիլմը ստացավ միջազգային փառատոների 28 մրցանակ, պարգև և դիպլոմ՝ դառնալով խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը։

 

1966 թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական և առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու մեջ և արգելեցին հետագա նկարահանումները։ Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:

 

Փարաջանովը մահացել է քաղցկեղից՝ 1990 թվականի հուլիսին Երևանում։ 2010 թ Հոլիվուդում ստեղծվել է Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով: