Արմենակ Ալաչաչյան' բասկետբոլի Եվրոպայի քառակի չեմպիոնը... Սովետական բասկետբոլի 1960-ականների աստղ Արմենակ Ալաչաչյանին միանշանակ կարելի է դասել ԽՍՀՄ-ի հայազգի ամենատիտղոսակիր մարզիկների շարքին: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա չորս անգամ դարձել է Եվրոպայի առաջնությնների չեմպիոն (1953, 1961, 1963, 1965), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1964), Մոսկվայի ԲԿՄԱ թիմի կազմում երկու անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը (1961, 1963), իսկ 1959-1966 թթ. ընթացքում ութ անգամ անընդմեջ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն: Ալաչաչյանը նվաճումներ ունեցավ նաև որպես մարզիչ. 1969-ին նրա գլխավորած ԲԿՄԱ-ն կրկնակի հաջողության է հասել' նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և Եվրոպայի չեմպիոնների լիգայի գավաթը:

 

 

Արմենակ Միսակի Ալաչաչյանը (Ալաջաջյան) ծնվել է 1930 թ. Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում' Արևմտյան Հայաստանից գաղթաց հայ փախստականների ընթանիքում: Հարցազրույներից մեկում Ալաչաչյանը պատմում է. «Այն թաղամասը, որտեղ մենք ապրում էինք Ալեքսանդրիայում' կոչվում էր «Փոքրիկ Հայաստան», քանի որ այստեղ բոլորը հայ էին: Հենց այստեղ էլ, իրար շատ մոտ, գտնվում էին մեր թաղամասի հայկական դպրոցը, եկեղեցին և մարզադաշտը: Սպորտով ես սկսեցի զբաղվել վեց տարեկանից: Սկզբում թեթև ատլետիկա, հետո' ֆուտբոլ: Իսկ երբ արդեն 12 տարեկան էի' հայտնվեց բասկետբոլը, որն էլ հետագայում պետք է դառնար իմ կյանքի գլխավոր գործը: Բայց ավելի լուրջ ես սկսեցի զբաղվել բասկետբոլով, երբ 1947-ին մենք ընտանիքով ներգաղթեցինք մեր պատմական հայրենիք' Հայաստան և ես ընդունվեցի Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ»:

 

 

Արմենակ Ալաչաչյանը իր պրոֆեսիոնալ սպորտային ուղին սկսել է Երևանի ՍԿԻՖ թիմում (1948-1954), հետագայում տեղափոխվել Ալմա-Աթայի «Բուրևեստնիկ» թիմ (1955-1957), իսկ 1958-1966 թթ. խաղացել է արդեն Մոսկվայի ԲԿՄԱ-ում և հանդիսացել թիմի ավագը: Ալաչաչյանը իր սպորտային կարիերան ավարտում է 1971 թվականին և ընտանիքի հետ ԽՍՀՄ-ից մեկնում Կանադա, Տորոնտո, որտեղ էլ բնակվում է մինչ հիմա' զբաղվելով ոսկերչական բիզնեսով: Նշենք, որ 2014-ին Երևանում անցկացվեց Արմենակ Ալաչաչյանի անվան բասկետբոլի միջազգային պատանեկան մրցաշար։

 

 

Ռուբեն Շուխյան