Անկախության առաջին տոնական շքերթը և զորահանդեսը Երևանում... Այս բացառիկ արխիվային լուսանկարում (լուսանկարը՝ ստորև) պատկերված է մի դրվագ 1919 թվականի մայիսի 28-ին մայրաքաղաք Երևանում կայացած Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման առաջին տարեդարձի առթիվ անցկացված տոնական շքերթից:
Նշենք, որ այն ժամանակվա մամուլում նախապես հայտարաված էր եղել Երևանում կայանալիք այդ տոնակատարության մասին, որը կոչվել է «Անկախության օրվա միջոցառում»: Ուշագրավ է, որ այդ ամենը կազմակերպվել էր անկախ երկրին վայել բոլոր ատրիբուտներով' շքերթն ու զորահանդեսը պաշտոնապես ընդունել էին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խատիսյանը (վարչապես Հովհաննես Քաջազնունին դիվանագիտական այցով գտնվում էր ԱՄՆ-ում) և ռազմական նախարար Քրիստափոր Արարատյանը (որը նաև Սարդարապատի հերոսամարտի ղեկավարներից էր): Ինչպես տեղեկանում ենք ժամանակակիցների հուշերից' միջոցառումը բավականին բազմամարդ է եղել և մասնակիցների թվում են եղել նաև որբանոցների երեխաները:
1919-ի մայիսի 28-ի տոնական շքերթն անցավ Երևանի կենտրոնի փողոցներով, իսկ գլխավոր իրադարձությունները տեղի ունեցան արդեն Կենտրոնական հրապարակում (ներկայիս Հանրապետության): Հրապարակով անցավ նաև Երևանի գնդի մի գումարտակ' տոնական հանդերձանքով: Մի հետաքրքիր փաստ նույնպես. քանի որ այն ժամանակ Երևանը լի էր Արևմտյան Հայաստանից գաղթած փախստականներով' ամեն հայրենակցական միություն շքերթին էր ներկայացել իր առանձին խմբով, տարազներով և համապատասխան տեղանունների մակագրությամբ պաստառներով' Մուշ, Սասուն, Վան և այլն:
Ռուբեն Շուխյան