Երեկ հայտնի դարձավ, որ Եվրոպական հանձնաժողովը դրական է գնահատել Վրաստանի կողմից իրականացված բարեփոխումները, կատարված պարտավորությունները՝ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործընթացի համատեքստում: Դա նշանակում է, որ ընդամենը 5-6 ամիս անց Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան 180 օրվա ընթացքում առանց վիզայի մուտք գործել և 90 օր շարունակ գտնվել ու ազատ տեղաշարժվել ԵՄ անդամ 22, ոչ անդամ 4 (Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Իսլանդիա, Նորվեգիա) և թեկնածու 4 (Կիպրոս, Խորվաթիա, Բուլղարիա, Ռումինիա) երկրներում: Բացառություն են կազմում ԵՄ անդամ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, որտեղ Վրաստանի քաղաքացիները նախկինի պես միայն վիզայի առկայության պարագայում կարող են մուտք գործել:
Վրաստանի քաղաքացիները կարող են վերոնշյալ 30 երկրներ մեկնել կենսաչափական անձնագրի, ճանապարհածախսը հոգալու մասին փաստող տվյալների, ետադարձ տոմսի, հյուրանոցի ամրագրման, ճանապարհորդային ապահովագրության վկայականի առկայության պարագայում և գտնվել ու ազատորեն տեղաշարժվել այնտեղ 180 օրվա ընթացքում՝ որքան անգամ ցանկանան, սակայն այդ ընթացքում ընդհանուր գտնվելու տևողությունը պետք է չգերազանցի 90 օրվա հանրագումարը:
Անհրաժեշտ է ընդգծել, որ նշված քաղաքացիները պարտավոր են լինելու պահպանել ԵՄ տարածքում գործող օրենքները, հակառակ պարագայում կվտարվեն երկրից՝ զրկվելով հետագա 5 տարիներին ԵՄ տարածք մուտք գործելու հնարավորությունից:
ԵՄ տարածք մուտք գործելու հնարավորություն չեն ունենա նաև Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր երբև է քրեական հոդվածով դատապարտվել են այդ երկրներից որևէ մեկում՝ առնվազն մեկ տարվա ազատազրկում նախատեսող հոդվածով, կամ հասարարական կարգի կամ ներքին կայունության խարխլման տեսանկյունից համարվում են վտանգավոր: Ավելին Վրաստանի քաղաքացիների՝ ԵՄ տարածք մուտքը կարող է թույլ չտալ նաև սահմանային կետի աշխատակիցը, որը տվյալ անձի՝ ժամանման նպատակը կասկածելի կամ ոչ հիմնավոր համարի:
Ալիկ Երոյանց