Եվրոպան դեռևս 1920-ի հունվարին էր պաշտոնապես ճանաչել Կարսի մարզը որպես Հայաստանի անբաժան մաս... 1920 թվականի հունվարի 19-ին Անտանտի դաշինքի երկրների Գերագույն խորհուրդը (ներկայումս՝ Եվրամիություն) փաստացիորեն պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախությունը՝ իր գերակայության տակ գտնվող տարածքներում:

 

Հայաստանի պետական սահմաններն այդ պահին և դե-ֆակտո, և դե-յուրե ընդգրկում էին նախկին Ռուսական կայսրության Երևանի նահանգի (ներառյալ Նախիջևանի և Իգդիրի շրջանները) և Կարսի մարզի (ներառյալ Արդահան քաղաքը) վարչական սահմաններն ամբողջությամբ՝ շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր: Նշենք նաև, որ զուտ հայկական բնակչություն ունեցող Սյունիքն ու Արցախը այդ պահին դե-ֆակտո հայկական անկախ ինքնավարությունների կարգավիճակներ ունեին՝ և նրանց դե-յուրե Հայաստանին միանալը ընդամենը մոտակա ժամանակի հարց էր հանդիսանում:

 

Նորանկախ երկրի համար այդ կարևորագույն իրադարձության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը թողարկեց հատուկ տոնական բացիկներ: Ներկայացվող այս բացիկի վրա գրված է. «Կեցցէ Հայաստան: Յիշատակ Հայաստանի Հանրապետութեան ճանաչման, 19 Յունվար 1920»: Նկարում պատկերված է հայ զինվորը թուրը ձեռքին՝ թուրք ասկյարի անկենդան մարմնի վրա հաղթականորեն ոտքը դրած և Հայաստանի պետական եռագույն դրոշը հպարտ պարզած վեր: Բացիկի հեղինակն է եղել նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, իսկ տպագրությունն իրականացվել էր Եվրոպայում:

 

Ռուբեն Շուխյան