«Տարվա մարդը' սահմանին ապրող քաղաքացին
Կարծում եմ' երկար պետք չէ բացատրել, թե ինչու ենք որոշում կայացրել տարվա մարդ 2015 մրցանակը հանձնել սահմանին ապրող Հայաստանի քաղաքացուն: Ինքս ծնվել և մանկությունս անցկացրել եմ սահմանին, և լավ հասկանում և գիտակցում եմ այս մարդկանց ամենօրյա փորձություններն ու խնդիրները, բայց նաև գիտեմ, որ սահմանին ապրող մարդիկ առավել պատասխանատու են, հայրենասեր և մարտական: Նրանց թիկունքում ապրողներս ևս պետք է պատասխանատվության բարձր զգացում ունենանք, որպեսզի ամուր պահենք այս մարդկանց թիկունքը, այլ ոչ' տարատեսակ ամբիցիաներով և պոպուլիզմով հարվածենք նրանց թիկունքից: Առաջիկա օրերին մենք կլինենք Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկում, կնշենք նրանց հետ Ամանորն ու «Դե ֆակտո» ամսագրի տասնամյակը և նրանց կհանձնենք «Դե ֆակտո» ամսագրի արդեն 10-րդ տարվա մարդու արձանիկը:
Առաջին անգամ տարվա մարդու արձանիկը հանձնել եմ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին 2005 թվականին»:
Մենուա Հարությունյան