Բազմիցս հայտարարվել է այն մասին, որ ՀՀ-ն կարող է կապող օղակ դառնալ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև: Այսօր արդեն լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ այս մասին է նշել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:
Վերջինս անդրադառնալով այս տարում ԵԱՏՄ-ի շրջանակներում ՀՀ դերակատարությանը' այն բնութագրել է իբրև շատ կառուցողական: Նա նշել է, որ չի հիշում մի դեպք, երբ Հայաստանը այս կառույցի ներսում ինչ-որ քննարկմանը մասնակցելիս որևէ բացասական ներազդեցություն ունեցած լինի այս կամ այն որոշումը կայացնելիս: Դեսպանը նշել է նաև, որ ԵՄ-Հայաստան ապագա համաձայնագրում արտաքին ապրանքաշրջանառությունը կարգավորող կետերն ունենալու են ընդհանուր ձևակերպումներ, ինչն էլ անշուշտ, ողջունելի մոտեցում է: ԵԱՏՄ անդամ երկրները պետք է բազմակողմանի և բազմաբովանդակ հարաբերություններ հաստատեն նաև այլ երկրների հետ' չխաթարելով ԵԱՏՄ շրջանակներում առկա պայմանավորվածությունները:
Դեսպանը իր խոսքում հավելել է նաև, որ ճիշտ է' ԵԱՏՄ-ն
առաջին հերթին տնտեսական միություն է, բայց նրանք միշտ դիտարկում են ԵԱՏՄ-ն ավելի լայն տեսանկյունից, քանի որ այն ավելի ուժեղ կլինի, երբ կառույցի անդամ երկրների արտաքին կապերը ավելի հզորանան, որից մեծապես կշահեն նաև միության անդամ երկրների տնտեսությունները:
Մարինա Ներսեսյան