Աշոտ Ցոլակի Նավասարդյան՝ հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահը՝ 1990-ից։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը' տնտեսագետի որակավորմամբ, աշխատել է «Լիցք» կոոպերատիվում' էլեկտրամոնտաժող։ Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։
Հայ ժողովրդի ապագան կապել ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարայային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987–ին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990 թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990 թ․–ի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով։ «Ազգային ինքնորոշամ միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։
Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը։ 1990-ին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, 1995-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1990-1995-ին եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997-ին' ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996-ին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմավարի որակավորում։ Հանկարծամահ է եղել 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։
Սևակ Գրիգորյան