Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանողների հարկային միջավայրը: Մասնավորապես, առաջարկվում է ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր համարել ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը:

 

Սահմանվել է նաեւ, որ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները, ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:

 

Կարինա Սանթրոսյան