2015-ի առաջին հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեի մուտքերը կազմել են 785 մլրդ 595 մլն դրամ, ինչը 1,2 տոկոսով ավելի է նախորդ 2014-ի նույն ժամանակահատվածի պետական բյուջեի եկամուտների համեմատ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից:
Պետական բյուջեի եկամուտների մեջ հիմնական մասը կազմել են հարկային եկամուտները' 761 մլրդ 581 մլն դրամ, ինչը 2014-ի առաջին 9 ամսիների համեմատ ավելի է 1,3 տոկոսով:

 


Ամենամեծ մուտքերը ստացվել են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)' 313 մլրդ 420 մլն դրամ, ապա եկամտային հարկից' 231 մլրդ 44 մլն դրամ, երրորդը' շահութահարկից' 79 մլրդ 920 մլն դրամ: Ընդ որում, ԱԱՀ վճարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3,2 տոկոսով, եկամտային հարկինը' ավելացել 6,5 տոկոսով, շահութահարկինը' նվազել 9,6 տոկոսով:

 

Կարինա Սանթրոսյան