«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվեց 1968 թվականին՝ Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: 1965-ի ազգային զարթոնցիք հետո՝ այն առանց չափազանցնելու վերածվեց մի մեծ համազգային տոնախմբության: Նախապատրաստական աշխատանքներին ներգրավված էին բնակչության բոլոր շերտերը, սկսած մեզանից՝ Երևանի կենտրոնի մի քանի դպրոցների աշակերտներից: Մոտ մեկ ամիս մեզ տանում էին «Դինամո» («Հանրապետական») մարզադաշտ՝ որտեղ կրկին ու կրկին փորձարկում էինք հանդիսություններին մասնակցության մեր անելիքը:
Ողջ քաղաքը ողողված էր հոբելյանական պաստառներով, ամենատարբեր գունազարդ հուշանվերներով, բուկլետներով ու բացիկներով: Բոլորի ոգևորությունն իրոք աննախադեպ էր: Այդ օրերին բացվեց «Էրեբունի» թանգարանը, իսկ կից փողոցն անվանվեց էրեբունի: Կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանն ու բանաստեղծ Պարույր Սևակը հատուկ այդ հոբելյանի համար գրեցին «Էրեբունի-Երևան» երգը, որը ներկայումս դարձել է քաղաքի հիմնը: Լենինի (Հանրապետության) հրապարակին հարող պուրակում տեղադրվեցին 2750 հատ գեղեցիկ շատրվաններ, և այդ օրերին Երևանում չկար մի երեխա, որ չփորձեր հաշվել նրանց քանակության ճշտությունը:
Տոնակատարության այդ օրերին ներկայիս «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին կից՝ Նալբանդյան և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում տեղադրվեց Արգիշտի արքայի սեպագիր արձանագրության կրկնօրինակը, որը շատ խորհրդանշանական էր և փաստացի դարձավ Երևանի հիմնադրման ծննդյան քարե վկայականը: Իսկ Լենինի հրապարակի և Աբովյան փողոցի անկյունում տեղադրվեց «Ձոթ Աղբյուր» երևանյան հայտնի ցայտաղբյուրը՝ կա արդյո՞ք մի հայ, որ չի խմել այդ զուլալ աղբյուրի ջրից: Ինչքան ճիշտ էր Պարույր Սևակը. «Մեր փոքրիկ հողի՝ դու մեծ երազանք, մեր դարե կարոտ, մեր քարե նազանք»:
Ռուբեն Շուխյան