Հայտնի հնագետ ու գիտնական Աշխարհաբեկ Քալանթարը 1928 թվականին հաշվետվություն է ներկայացնում այն մասին, որ ոմն Գնունի Եփրեմյան հնագետներին տեղեկացնում է, թե ինքը ներկայիս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում պատահաբար տեսել է մի քար, որի վրա սեպագիր արձանագրություններ կան: Հնությունների պահպանության կոմիտեից անմիջապես մեկնում են այնտեղ և հաստատում են փաստը: Արձանագրությունը բաղկացած էր 10 տողից:
Արձանագրվում է նաև, որ քարի ներկայությունը Ջանֆիդայում պատահական է. այն, ըստ երևույթին, տարիներ առաջ բերվել էր մեկ այլ տեղից (ամենայն հավանականությամբ՝ Արմավիր հնավայրից) և օգտագործվել իբրև շինանյութ: Քարի ընդանուր ձևը հաշվի առնելով, գյուղացիները դա դարձրել էին տան աստիճան: Երբ նախկին թուրք բնակիչների փոխարեն գյուղ էին եկել հայերը, նոր տանտերը՝ Նազար Հարությունյանը շենքի շարվածքից դուրս էր բերել թանկարժեք քարը և դրել տան բակում: Հենց այստեղ էլ դա նկատել էին:
Հնագետները սեպագիր արձանագրությունը տեղափոխել էին Էջմիածին: Իսկ մինչ այդ տանտիրոջն ու քարը գտնողին լուսանկարել էին Արգիշտիի որդի Սարդուր 2-րդի սեպագիր արձանագրության հետ:
Հովիկ Չարխչյան