Այսօր կառավարությունը համաձայնություն տվեց օդային հաղորդակցության մասին երկու միջազգային համաձայնագրերի կնքման առաջարկության նպատակահարմարությանը: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Ներկայումս Հայաստանի և Բուլղարիայի, ինչպես նաև ԱՄԷ-ի միջև օդային հաղորդակցությունը կանոնակարգված է համաձայնագրերով: Սակայն ՀՀ կառավարության կողմից քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը համահունչ դարձնելու, և առաջացած հակասութնունները վերացնելու նպատակով անհրաժեշտ է արդեն իսկ ուժի մեջ մտած Համաձայնագրերի վերանայում:
Գործող Համաձայնագրերի տեքստում առկա են ավիաընկերությունների առևտրային գործունեությանը խոչընդոտող մի շարք դրույթներ' թույլատրելով պետությունների միջամտությունը ավիաընկերությունների կողմից առաջարկվող տարողության, հաճախականության և սակագների հաստատման մասով, առկա են սպասարկվող ուղղությունների սահմանափակումներ:
Համաձայնագրի նոր նախագիծը, լրամշակվել է որդեգրված քաղաքականության և Եվրոպական Համայնքի հետ կնքված համաձայնագրի դրույթներին համապատասխանության նպատակով:
Լրամշակված Համաձայնագիրը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ չպետք է մյուս կողմի նշանակած ավիաընկերությունների նկատմամբ կիրառի կամ թույլատրի, որպեսզի կիրառվեն սպառողներից գանձվող ավելի բարձր վճարներ, քան այնպիսիք, որոնք կիրառվում են նմանատիպ միջազգային հաղորդակցություններ իրականացնող իր սեփական ավիաընկերությունների նկատմամբ:
Այլ կերպ ասած Համաձայնագրի կողմերը պետք է ապահովեն հավասար պայմաններ տեղական ավիաընկերությունների և մյուս Կողմից նշանակված օտարերկրյա ավիաընկերության համար:
Նախ հասկանանք՝ ի՞նչ է նշանակում «Բաց երկնքի» քաղաքականությունը և ի՞նչ կարող է այն մեզ տալ:
Ազատ տնտեսական մրցակցությանը զուգահեռ առաջադեմ երկրներում սկսվեց «բաց երկնքի» քաղաքականության գործընթացը: Այսօր ամբողջ Եվրոպայի երկինքն ազատ է: «Բաց երկնքի» քաղաքականությունը ընդունված է Եվրոպայում, Հոնգկոնգում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում և աշխարհի այլ տարածաշրջաններում, և դա նպաստում է շուկայի դեմոկրատացմանը: Այն նախևառաջ ենթադրում է ոլորտի ազատականացում. հնարավորություն է տալիս նոր ընկերությունների ի հայտ գալուն, որոնք առաջարկում են նոր ծառայություններ ավելի ցածր գներով և ավելի լայն ու որակյալ սպասարկման առաջարկներով: Անվիճելի փաստ է,որ մրցակցություն ի վերջո բերում է գների իջեցմանը և որակի բարձրացմանը: Այն կնպասպի ավիատոմսերի գների նվազմանը:
Այստեղ միակ խնդիրը կարող է լինել ազգային փոխադրողների մրցունակության հարցը օտարերկրյա փոխադրողների նկատմամբ: Այն հատկապես կարևոր է ազգային անվտանգության՝ արտաքին աշխարհի հետ կապ ունենալու տեսանկյունից: Կարևոր է ազատ երկնքի պայմաններում, հնարավորություն տալ նաև ազգային վստահելի և մրցունակ փոխադրողների ի հատ գալուն, որոնք չեն կրկնի Արմավիայի ճակատագիրը:
Տնտեսական անկյուն