Նախ ստուգենք քաղակտիվիստի անցած ճանապարհը
Այսպես կոչված քաղակտիվիստ Վահան Մարտիրոսյանի' Ադրբեջանին հանձնվելը դարձել է հանրության քննարկման թիվ մեկ առարկան:
Բացի քննադատություններից, պետք է խնդրին նայել նաև այլ հարթությունում: Նմանատիպ դեպքերը ուղղակիորեն արժեզրկում են այսպես կոչված քաղաքացիական պայքարի և «ակտիվիստների» ինստիտուտը: Ոչ ոք լիարժեք չի կարող երաշխավորել, որ այսօրվա կարկառուն ազգափրկիչները, որոնց նույն խանդավառությամբ ծափահարում ենք, չեն հետևի Վահան Մարտիրոսյանի օրինակին:
Անշուշտ, այսօր պայքարի ճակատ մեկնածներից շատերը հասարակության խնդիրները բարձրաձայնելուց զատ, լուծում են անձնական շահերն ու ամբիցիաները բավարարելու խնդիր:
Վահանի դեպքը, թերևս պետք է մեզ համար դաս լինի, որ ամեն բողոքողին ու բարձր հայհոյողին միանգամից չվստահենք: Նախ պետք է նայել, թե ինչ ճանապարհ է անցել իրեն ակտիվիստ հռչակածը, ուշադիր լինել նրա անցյալին, հետո նոր լսել, թե ինչ կարևորության հարց է բարձրացնում:
Այսօր արդեն հրապարակվում են Վահանի «փոշոտ» անցյալին վերաբերվող բացահայտումներ և վստահ եմ, եթե ժամանակին դրանով հետաքրքրվեինք՝ «ներազգային ազատագրական ճակատներ» չէին ձևավորվի:
Մանե Վարդանյան