Այսօր ՀՀ-ում մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Նրանք տևելու են մինչև սեպտեմբերի 6-ը:
Զորավարժությունների հիմնական նպատակն է պատերազմական վիճակում գտնվող երկրում, ինչպիսին ՀՀ-ն է, արտաքին ագրեսիայի ցանկացած դրսևորման կամ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման սցենարի պարագայում որոշակիացնել և գնահատել ՀՀ պետական կառավարման և ռազմական անվտանգության ապահովման գերատեսչությունների գործողությունների ներդաշնակությունը, փոխգործակցության մակարդակը և արդյունավետությունը:
Սա վերաբերում է արտակարգ և ռազմական պայմաններում, ինչպես կառավարման կազմակերպման, ռազմական անվտանգության կոնկրետ գործողությունների իրականացմանը, այնպես էլ տեղեկատվական տիրույթում պետության անվտանգության ապահովման ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

 


Արդեն մի քանի օր է հասարակական ամենատարբեր շրջանակներում լուրեր են պտվում, թե պատերազմը կարծես վերսկսում է, ու մեզ մոտ մոբիլիզացիոն վիճակ է: Նախ նշենք, որ պատերազմը վերսկսելու համար, այն առնվազն պետք է ավարտված լիներ: Իսկ 1994թ.-ից ի վեր մենք ունենք սահմանային շփման կետերում պարբերական սրացումներ, ունենք դիվերսոն ակտիվություն, ունենք երկկողմանի զոհեր: Երկրորդը՝ ռազմական հակամարտության պայմաններում ապրող պետության համար նմանօրինակ զորավարժությունների անցկացումը պետության անվտանգության ապահովման կարևորագույն տեստ է, այն պարագայում, երբ հարևան երկիրը պարբերաբար խոսում է ռազմական հակամարտության վերսկսման մասին: Երրորդը՝ մեր հասարակությունը և քաղաքացին, ում հաճախ թվում է, թե թշնամին հեռու է և իրեն որևէ իրատեսական վտանգ չի սպառնում, (իհարկե երբեմն մոռանալով սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին), այսօրինակ զորավարժությունների արդյունքում առավել ռեալ է սկսում նայել իր երկրի շուրջ ձևավորված իրողություններին և իր դերակատարմանը այդ ամենի մեջ:

 


Կարծում եմ նման զորավարժությունների կարիքն ու անհրաժեշտությունը եղել է միշտ, քանզի միայն ընդհանուր մոբիլիզացման պարագայում է հնարավոր մտացածին վատագույն սցենարի դեմ պայքարի արդյունքում ռեալ գնահատել սեփական հնարավորությունները և պատրաստվել իրական խնդիրներին դիմակայելուն:

 

Ալեն Ղևոնդյան