Բաղրամյան 26-ում սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի խորհրդակցություններից հետո, երեկ և այսօր Հայ ազգային կոնգրեսը բոլոր հնարավոր հարթակներով սևացնում է ներկա և նախկին գործընկերներին:
ՀԱԿ խոսափողներն ու ակտիվիստներն առիթը բաց չեն թողնում «հարվածելու» նախկին ֆինանսական հովանավոր Բարգավաճ Հայաստան կուսակցությանն ու ՀՅԴ-ին:
Բացի դա, խոսակցություններ էին պտտվում, որ չնայած կոնգրեսականները մերժել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հրավերը, այնումենայնիվ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը մտադիր է ՀՀ նախագահի հետ քննարկել Սահմանդրական բարեփոխումների գործընթացը:
ՀԱԿ-ի թերթերից Չորրորդ Իշխանությունն այսօր հոդված էր «նվիրել» Լյուդմիլա Սարգսյանին: Թերթը վերջինիս որակել էր, որպես Բ-26-ի հաճախորդ:

 


Ամեն դեպքում պատգամավորը պնդում է, որ հրավեր ստանալուց հետո, նախագահականում հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ դեռևս հստակ որոշում չի կայացրել . «Ես անձնապես էդ համաձայնությունը չեմ տվել, որովհետև ասել եմ, որ կլինի վարչության նիստ, վարչությունը կորոշի: Ես ինքս հակված էի «ոչ»-ին, բայց երբ պարզեմ ինձ համար թե ինչու է այդ հոդվածը տպվել «Չորրորդ իշխանություն» թերթում՝ ինձ վարկաբեկել՝ հաճախորդ անվանելով, ես ինձ համար կպարզեմ, թե ինչու է ՀԱԿ-ը իմ նկատմամբ նման ոտնձգություն անում, որից հետո կլինի մեր որոշումը»:
Փաստորեն ՀԱԿ-ը ձեռնամարտի է բռնվել ոչ միայն նախկին գործընկերների, այլ նաև մերձավորների հետ:
Բոլորս էլ գիտենք, որ Կոնգրեսի նպատակն այս շրջանում մեկն է՝ տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, սակայն հետաքրքիր է, ինչպե՞ս է պատրաստվում ՀԱԿ-ն իրականացնել իր քաղաքական նպատակները նման մարտավարությամբ: ՀԱԿ-ը պետք է գիտակցի, որ ներկա «ռեսուրսային սովի» պայմաններում հնարավոր չէ արդյունավետ պայքար ծավալել, իսկ որոշակի հաջողություն գրանցելու համար, անհրաժեշտ է կոնսոլիդացիա: Նման գործելակերպով՝ յուրայիններին հարվածելով, ոչ միայն բարեփոխման գործընթացը չի տապալվի այլ Կոնգրեսը վերջնականապես կսևացնի սեփական անունը:

 


Բայց խոսքը միայն ՀԱԿ-ին չի վերաբերվում: Եթե օբյեկտիվ նայենք, ապա կփաստենք, որ ընդիմադիր դաշտում գզվռտոցն օր օրի մեծանում է: ԲՀԿ-ն քննադատում է ՕԵԿ-ին, ՀԱԿ-ը ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, ՕԵԿ-ն ամբողջ աշխարհին և այլն: Այս պայմաններում շահելու են նրանք, ովքեր որոշակի ժամանակահատված հետո կմտնեն քաղաքական դաշտ, որպես նոր ընդիմություն :
Երեք կտոր ընդիմադիր են մնացել, բայց շարունակում են միմյանց հոշոտելով պառակտվել ու պառակտվել:
Պարզապես չեմ կարողանում հասկանալ, թե նման մարտավարությամբ ինչպես էին պատրաստվում երկիր ղեկավարել:

 

Խաչատրյան Ժոռա