2014- ավարտին ֆինանսական շուկայում տեղի ունեցած կտրուկ դրսևորումների ժամանակ իրականացրած խստացումներից հետո առաջին անգամ ԿԲ-ն որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որպեսզի թուլացնի դրամավարկային պայմանները, քանի որ վերաֆինանսավորման բարձր տոկոսադրույքը, եթե ոչ խոչընդոտում, ապա առնվազն չի նպաստում տնտեսության զարգացմանը։
Նախորդ տարվա հետևանքների պայմաններում, անգամ կառավարությանը հաջողվեց առաջին կիսամյակում արձանագրել տնտեսական բավական բարձր ակտիվություն, ինչին ոչ մի կերպ չէին հավատում նույնիսկ միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Ճիշտ է, այժմ էլ նրանց գնահատականները Հայաստանի տնտեսության սպասումների վերաբերյալ մնում են փաստացի ցուցանիշներից խիստ ցածր, սակայն պետք է ենթադրել, որ դրանք առաջիկայում կվերանայվեն աճի ուղղությամբ։

 


Օրերս Կենտրոնական դրամատունը որոշում ընդունեց 0,25%-ով նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը:
Ինչպես երևում է ԿԲ-ն շարունակում է չափից ավելի զգուշավորություն պահպանել։ Որքան էլ ակնկալվում է, որ առկա զարգացումների պայմաններում տասներկուամսյա գնաճը երկրորդ կիսամյակում կհաստատավի նախատեսված թիրախային ցուցանիշների ներքին հատվածում, այսինքն՝ կլինի 4%-ից ցածր, այնուհանդերձ Կենտրոնական դրամատունը որոշեց ռիսկի չգնալ եւ ավելի մեծ չափով չնվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Ինչպես տեսնում ենք Համաշխարհային տնտեսությունը շարունակում է դրսևորել աճի սպասվածից ցածր միտում, ինչի հետևանքով միջազգային ապրանքային շուկայում պահպանվում է թույլ գնաճային միջավայրը։ Այնպես որ, արտաքին հատվածից սպասումները համարվում են ոչ գնաճային։

 


Հարկ է նշել, որ ի տարբերություն համաշխարհայինի, սպասումներն ակնկալվածից բարձր են եղել ներքին տնտեսության մեջ: Ինչպես նշում է ԿԲ-ն երկրորդ եռամսյակի տնտեսական ակտիվության աճի տեմպերը գերազանցել են ակնկալիքները. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմելով 4,2%։ Վերջինիս հիմնականում նպաստել են կանխատեսվածի համեմատ գյուղատնտեսության և մասամբ արդյունաբերության ճյուղերում գրանցված բարձր աճերը:
Հարկ է նշել, որ որքան էլ այս տարի Հայաստանից անհամեմատ ավելի շատ գյուղմթերք է արտահանվել, այնուհանդերձ առատ բերքի արդյունքում դրանց գները ներքին շուկայում նախորդ տարվանից ավելի ցածր կլինեն՝ հնարավորություն ստեղծելով նվազեցնել գնաճային երեւույթները։ Հատկանշական է, որ նույնիսկ կառավարության կողմից իրականացվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը խոչընդոտ չի համարվում գնաճը ցածր մակարդակում պահելու համար։

 

Տնտեսական անկյուն