Ձկնորսը իր պապերի ավանդույթի համաձայն ափին նախապատրաստում էր մակույկը և ուռկանը ծով մտնելու համար: Զրույցի բռնվեցի՝

- Լա՞զ ես:

- Հա, դու ի՞նչ ազգ ես:

- Հայ եմ:

- Լավ մարդիկ են հայերը, կուզե՞ս հետս ծով գալ, չե՞ս վախենա:

- Չեմ վախենա:

- Դե, գնացինք:

Մակույկը դանդաղորեն սահում էր թույլ ալեկածված ծովի մակերևույթով, իսկ լազ ձկնորսը անշտապ ձգում էր ուռկանը՝

- Ձգելով կգնանք, հետո հավաքելով հետ կգանք, մի ժամ կտևի, համ էլ կզրուցենք:

- Վաղու՞ց ես ձկնորսությամբ զբաղվում:

- Մանկուց, դե, մենք հին նավաստիներ ու ձկնորսներ ենք: Նախնիներս այժմվա Թուրքիայի Արկաբի գյուղից են, հետո են եկել Վրաստան ու չեն կարողացել վերադառնալ, սահմանը փակել են; Պապս ժամանակին իր մակույկով ջարդերից պրծած երկու արդվինցի հայ ընտանիք է փրկել՝ մի օրվա մեջ երկու անգամ ծովով թիավարելով համարյա մինչև Բաթում ու էլի հետ՝ Արկաբի: Հետո դրանցից մեկի տղան պապիս փրկել է Բաթումում ստալինյան բռնաճնշումների ժամանակ, երբ նրան ուզեցել են գնդակահարել:

- Ա՜յ քեզ բան:

- Հա, շատ լազեր են հայերին փրկել կոտորածից այ այսպիսի մակույկներով, ու դրանցից մեկի տղան էլ՝ իմ պապին: Այս ծովը լազի ու հայի ծով արյուն է տեսել ու դրանից շատ էլ՝ այս երկուսի բարեկամություն, դրա համար ուզեցի հետս գաս:

 

Վարդան Ոսկանյան