Իրանը մեծ պոտենցիալով և էներգետիկ հսկայական պաշաներ ունեցող պետություն է, որտեղ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում երկրի տնտեսությունը հիմնվում էր ներքին ռեսուրսների վրա: Պատժամիջոցների վերացումն այլևս նշանակում է, որ շահագրգիռ երկներ փորձելու են օգտվել Իրանի 80 միլիոնանոց շուկայի ընձեռած հնարավորությունից, դա վերաբերում է նաև Հայաստանին, որը, լինելով քրիստոնյա պետություն, Իրանի հետ ունի ջերմ քաղաքական-տնտեսական հարաբերություններ: Սակայն Հայաստանի տնտեսական հարաբերությունները Իրանի հետ զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին:

 


Պատժամիջոցների պայմաններում Իրանի հետ առևտուրը կազմում էր ՀՀ արտաքին առևտրի ընդամենը 5 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է հարևան երկրների համար: Պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանը կարող է ոչ միայն իր ապրանքները հասցնել իրանական շուկա, այլև Պարսից ծոցով և ցամաքային ճանապարհով արտահանվող արտադրանքը հասցնել նաև այլ երկրներ: Մյուս կողմից Հայաստանի համար հնարավորություն է առաջանում օգտվել Իրանի էներոռեսուրսներից, անգամ դեպի Եվրոպա նավթի և գազի արտահանման տրանզիտի դեր ստանձնել:

 


Կարող ենք փաստել, որ սկզբունքորեն Հայաստանով է անցնում Իրանը ԵՏՄ-ին կապող միակ ուղին, և Իրանի սահմանակից երկրները ԵՏՄ-ի հետ կարող են կապվել միայն Իրան-Հայաստան սահմանով:
Իրան-վեցնյակ համաձայնությունը տարածաշրջանային առումով փոփոխություններ է խոստանում նաև Ադրբեջանի համար: Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը տարածաշրջանում Ադրբեջանի համար այդքան էլ շահեկան չէ, քանի որ առաջին հերթին Իրանից նավթի և գազի արտահանումը տարածաշրջանում նվազեցնելու է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կարևորությունը, հետևաբար նաև Արևմուտքի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ:

 


Մյուս կողմից Ադրբեջանի հարաբերությունները Իրանի հետ ոչ միշտ են հարթ ընթացել՝ կապված Իրանական Ադրբեջանի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հավակնություններով: Բացի այդ Ադրբեջանը նախքան Իրան-վեցնյակ համաձայնության կայացումն իրեն դիտում էր որպես մի երկիր, որի վրա կարող է հենվել Արևմուտքը' Իրանին հարվածներ հասցնելիս: Թերևս այս հանգամանքով է պայմանավորված Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության բարձր մակարդակը:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նոր պայմաններում Ադրբեջանի քաղաքական դերակատարությունը նվազելու է Իրանի ակտիվանալու հաշվին:
Բացառված չէ նաև, որ Իրանը կարող է ակտիվանալ նաև ԼՂ հակամարտության կարգավորման պրոցեսում, եթե հաշվի առնենք, որ պարբերաբար նման փորձեր ձեռնարկել է:

 

 

Նարեկ Պողոսյան