Ցանկացած իշխանություն ինչ-որ պահի արժանի է, որ հրաժարական տա, այդ պահանջը միշտ ակտուալ է, երբ այդ իշխանությունը չի կարողանում կամ չի ցանկանում լուծել պետության լրջագույն խնդիրները:Բայց այն, ինչ կատարվեց վերջին օրերին Հայաստանում, նշանակում է, որ պետք է պահանջել ընդդիմության հրաժարականը, որն իր թիկունքում ունենալով հասարակական-սոցիալական հսկայական դժգոհություն, չի կարողանում դա քաղաքական բոլոր հնարավոր մեխանիզմներով ու գործիքներով ներկայացնել, հասնել մարդկանց արդարացի պահանջների, շահերի իրականացմանը:
Եվ հասարակ, շարքային քաղաքացիները ստիպված իրենք են ինքնաբուխ կամ ոչ այնքան ինքնաբուխ դուրս գալիս փողոց, փորձում բարձրացնել և լուծումներ տալ հարցերի, որն իրենց գործը չի, դրա համար նրանք ընտրել կամ վարձել են կառավարողներ ու ընդդիմություն, հարկեր են վճարում դրա համար:
Ընտրություններով մարդիկ ընտրում կամ չեն ընտրում իրականում երկու իշխանություն' դա գործող կառավարողներն են ու ընդդիմությունը: Երկուսն էլ իշխանություն են ու կոչված են ներկայացնել հանրության տարբեր խմբերի շահերը' ընդհանուր վերցրած ամբողջ պետության շահերը:
Մեր ընդդիմությունն ապացուցեց, որ իշխանությանը ոչնչով չի զիջում, եթե ոչ ավելի անարդյունավետ է:
Հայաստանում այս տարիներին ձևավորված քաղաքական ավանդույթներն իրենց սպառել են: Սերունդ է փոխվում, իսկ այդ սերունդի պատկերացումնում այդ հնացած մեթոդներով ու արժեքներով առաջնորդվող կուսակցությունները, դեմքերն այլևս չեն տեղավորվում: Աստիճանաբար զգում ենք, որ նոր սերունդն իր հետ բերում է կյանքի նոր պատկերացումներ ու մշակույթ: Եվս մի 5 տարի, և հուսանք, որ կձևավորվի որակապես նոր հասարակություն:
Տիգրան Խաչատրյան