Հարգելի պարոն ոստիկանապետ, վերջին օրերին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում Թատրոն 32-ը այսօր հնարավորություն չունեցավ կազմակերպել նախօրոք պլանավորած «Պարույր Սևակ» ներկայացումը, քանի որ հանդիսատեսը չի կարողանում մոտենալ թատրոնի շենքին և տոմսարկղին, ու մենք ստիպված եղանք չեղյալ հայտարարել ներկայացումը։ Այդ պատճառով մեզ մոտ միտք առաջացավ այսօր այնուամենայնիվ խաղալ բեմում՝ ազատ մուտքով դահլիճ հրավիրելով 350 քաղաքացիների՝ դիտելու մեծ բանաստեղծին նվիրված ներկայացումը։ Ներկայացմանը հրավիրում ենք երկու կողմում էլ կանգնած մեր համաքաղաքացիներին։
Նրանց, ովքեր խաղաղ և արդարացի պահանջով դուրս են եկել փողոց նստացույցի, և նրանց, ովքեր իրենց ծառայությամբ պահպանում են հասարակական կարգը: Հաշվի առնելով վերջին երկու օրերի երկկողմանի խաղաղ մթնոլորտը, առաջարկը կարծում ենք իրատեսական է, իսկ ներկայացման էմոցիաները վստահ ենք նոր, դրական լիցք կհաղորդեն երկու կողմերում էլ արդեն օրեր շարունակ կանգնած մեր քաղաքացիներին :
Պարոն ոստիկանապետ, հիշելով Ձեր յուրահատուկ վերաբերմունքը թատրոնին, ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը և Ձեզ նույնպես հրավիրում ենք մեր ներկայացմանը։ Առաջարկին դրական պատասխան տալու դեպքում, տեխնիկակապես պատրաստ լինելու համար, խնդրում ենք տեղեկացնել այսօր մինչև ժամը 17.00:
Թատրոնի հասցեն է ՝ Բաղրամյան 17 (ճարտարապետների միության շենք) Ներկայացման սկիզբը 19։00-ին ։ Տևողությունը 75 րոպե։
Հարգանքներով ' 32 թատրոնի գեղ. ղեկավար և ռեժիսոր Կարեն Բաբաջանյան
Հ. Գ. Ի դեպ այս պահին քաղաքի միակ «շրջափակված» թատրոնն ենք։ )))
Կարեն Բաբաջանյան