Վազգեն Վեհափառը ասել է. Մենք՝ հայերս, մեր նախնիներով հպարտ լինելու բազմաթիվ պատճառներ ունենք. ուրեմն եկեք այնպես ապրենք մեր կյանքը, որ գալիք սերունդները նույնպես հպարտ լինեն իրենց նախնիներով...
Այսօր' հունիսի 23-ին՝ ԱՀԹ առաջնորդանի ս. Սարգիս եկեղեցում տեղի ունենցավ հոգեհանգստյան կարգ՝ Հայոց բանակում թշնամու հետ շփման գծում զոհված զինվորների հիշատակին: «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել էր դեռ անցյալ տարի: Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ: Հավաքված ողջ գումարը փոխանցվեց ծրագրի շրջանակներում զոհված զինվորների ընտանիքներին և առաջին, երկրորդ կարգի հաշմանդամ զինվորների ընտանիքներին:
Այս տարի իր շարունակությունը ունեցավ աստվածահաճո այս ծրագրը, ԱՀԹ առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի մեկնարկը: Բացման խոսքով հանդես եկավ ԱՀԹ բարեգործական ծրագրերի համակարգող Շուշան Պետրոսյանը: Ներկայացվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը, դրամական աջակցությունը փոխանցվեց նախորդ տարվա ծրագրում չներգրավված 2014թ. և 2015թ. հունիսի 1-ի դրությամբ թշնամու հետ շփման գծում զոհված զինվորների ընտանիքների անդամներին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրն իրականացվում է արդեն երկրորդ անգամ, որը շատ կարևոր ու բուռն արձագանք ստացավ դեռ անցյալ տարի: Ներկաները դիտեցին զոհված զինվորիների մասին փոքրիկ ֆիլմ, որը ներկաներին անչափ հուզեց:
Զոհված զինվորների մայրերը չկարողացան իրենց հեկեկոցը թաքցնել, ֆիլմը իր փոքրիկ, բայց չափազանց բովանդակալից, ասելիքով, նրբությամբ անտարբեր չթողեց և ոչ մեկին, պատճառելով' հուզականություն: Այնուհետև Նավասարդ Սրբազանը օրհնության խոսք ասաց. «Մեր զոհված զինվորները գերեզման չունեն, նրանք մեր սրտերում են և մեր աղոթքներում... Մենք մշտապես մեր պարտքն ենք համարում լինել մեր Հայոց բանակի, հայ զինվորի ու նրանց ծնողների կողքին: Եվ այս նախաձեռնությունը ամեն տարի պետք է կարողանանք կյանքի կոչել»:
Զոհված զինվորների ծնողները իրենք էին խոստովանում, որ նման միջոցառումներ երբեք չի եղել և երբեք նման աջակցություն չէին ստացել... Դա խոսում է նրա մասին, որ այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգնած է իր ժողովրդի կողքին, և հատկապես նրանց, ովքեր ամենաշատը ուշադրության կարիքը ունի... Ծրագրում ընդգրկված են միայն Արարատյան Հայրապետական թեմի՝ Երևանի և Արարատի մարզի զինվորականների ընտանիքները: Ընդհանուր թվով աջակցություն կստանա 361 ընտանիք: Այս տարի դրամաբաշխությունը կավարտվի հուլիսի 28-ին:
Արթուր Հայրապետյան