Թուրքիան կրկին անգամ հանդես է եկել Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի մահապատժի դեմ՝ այս անգամ եգիպտական գործող իշխանություններին նախազգուշացնելով 100 միլիոնավոր մուսուլմանների դժգոհությունների վտանգի մասին: Բանն այն է, որ ընթացիկ շաբաթվա սկզբին Կահիրեի դատարանի կողմից Մուրսիի դեմ մահապատիժը վերահաստատելուց հետո թուրքական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Անկարան մի քանի անգամ հանդես է եկել Եգիպտոսի պաշտոնանկ եղած նախագահին քաղաքական ապաստան տրամադրելու մասին առաջարկությամբ, ինչը կտրականապես մերժվել է Մուրսիի կողմից:
Խնդրի առնչությամբ մեջբերվում է «Մարդու իրավունքներ և ազատություններ» թուրքական ՀԿ-ի ղեկավար Ֆեհմի Բյուլենթ Յըլդըրըմի հայտարարությունն առ այն, որ Մուրսիի մահապտատիժը զանգվածային հուզումների պատճառ կդառնա և հազարավոր մարդկանց դուրս կբերի փողոց ոչ միայն Եգիպտոսում, այլև՝ ողջ մահմեդական աշխարհում, որտեղ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը բավականաչափ ազդեցիկ դիրքեր ունի. «Այն կարող է մոբիլիզացնել 100 միլիոնավոր մարդկանց Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հեռավոր Արևելքում»...
Թե ինչ վերջնական որոշում կկայացնեն եգիպտական իշխանությունները նախկին նախագահի մահապատժի հետ կապված, դժվար է միանշանակ կանխատեսել, քանի որ դեռևս գործնականում հնարավոր է նաև դատավճռի բողոքարկման և դրա բավարարման տարբերակը:
Մի բան ակնհայտ է, որ մահապատժի իրականացումը եգիպտական իշխանությունների համար, իրոք, հղի է լուրջ խնդիրներով և՛ երկրի ներսում, և՛ նրա սահմաններից դուրս, իսկ մյուս կողմից անհերքելի է նաև, որ պատժի փոփոխությունը կներկայացվի որպես թուրքական կողմի լրջագույն հաջողություն ողջ արաբամուսուլմանական աշխարհում:
Արմեն Պետրոսյան