Իրականում միֆերն են կառավարում ժամանակակից հասարակությունները: Մեր հասարակությունը բացառություն չէ: Իսկ այդ միֆերի՝ հասարակության մեջ ներարկելու լավագույն ձևը սոց. ցանցերն են և, հատկապես, «Facebook»-ը:
Բացի կառավարելի հանրային կարծիքի ստեղծման, նրա ուղղորդման ու մանիպուլացման բավական արդյունավետ հարթակներից մեկը լինելուց, ՖԲ-ն ստեղծում է միֆ, թե քաղաքացին մասնակցում է երկրի, հասարակության և պետության համար կարևորագույն իրադարձություններին, նրա կարծիքը լսելի է, մոտեցումները ազդեցիկ ու ծանրակշիռ. (իհարկե որոշ դեպքերում և որոշ երկրներում դա ինչ-որ հարցերի պարագայում գործում է , բայց դա ավելի շուտ բացառությունների դաշտին է պատկանում): Հաճախ այդ մտայնությունը քաղաքացու մոտ մի իրավիճակ է ստեղծում, երբ նրա ինքնագնահատականը ուղիղ համեմատական է դառնում իր Ֆբ-յան գրառումների ստացած «like»-ին: Սեփական խոսքի, մոտեցումների նկատմամբ հանրային այս հարթակում վերաբերմունքը քաղաքացուն «ստիպում» է կախվածության մեջ գտնվել «like» ստանալու ձգտումից: Նրա դատողությունները հաճախ աչքի են ընկնում ոչ թե բովանդակային խորությամբ, կամ սկզբունքայնությամբ, այլ հանրային հասանելիությամբ: Պետք է գրել այն, ինչ հասարակությանը դուր է գալիս, ինչ հասարակությունը հասկանում է: Դրանից հետո շատերը կարող են սկսել հայհոյել իշխանությանը, ընդդիմությանը, բոլորին, իրենց կարծիքը չկիսողին, ապա ազգի՝ ընդհուպ մինչև մոլորակի փրկության ծրագերեր են առաջարկում, պայքարի կոչեր են հնչեցնում, վիրտուալ «լրջագույն» բանավեճերի մեջ են մտնում ամենատարբեր կամ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ և այլն: Ու էսպես շարունակ:
Արդյունքում ինչ է տեղի ունենում՝ իրականում ոչինչ. որևէ էական հարց բնականաբար չի լուծվում, որևէ առանցքային խնդրի վերաբերյալ բեկում տեղի չի ունենում: ՖԲ-ն հարցեր լուծելու տեղ չի: Մարդ-քաղաքացին ՖԲ-ում ծախսում է իր էներգիան, բավարարում կամ չի բավարարում իր ԵՍ-ը, իսկ վերջում հիմնականում սեփական որոշակիության զգացումով գնում է զբաղվելու իր ՌԵԱԼ կյանքի գործերով: Այս կերպ «մեծ ու կարևոր գործերին մասնակից լինելու» ՄԻՖ-ը կարողանում է բավարարել քաղաքացիների ինքնագնահատականը՝ միաժամանակ սակայն որևէ գործնական փոփոխություն չմտցնելով նրանք իրական կյանքում:
Այսպես աննկատ էլ կառավարում են միֆերը մեզ բոլորիս...
Ալեն Ղևոնդյան