«Քիչ առաջ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի հացադուլ հայտարարած քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ:

 

Շանթ Հարությունյանն իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում և կարծում է, որ դրանք բխում են ԱԱԾ վերնախավից, մասնավորապես՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանից:

 

Վտանգը նվազագույնի հասցնելու համար Շանթ Հարությունյանը պահանջում է իրեն տեղափոխել խցային ռեժիմ: Վարդան Վարդանյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:
Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը հունիսի սկզբին, իրենց դատավճիռներն ուժի մեջ մտնելուց հետո տեղափոխվել էին «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ռեժիմային գոտի: Եվ մինչև հացադուլ հայտարարելը գտնվել են այնտեղ: Ներկայումս նրանք գտնվում են հացադուլավորների մենախցերում:

 

«Վարդաշեն» ՔԿՀ պետ Մ. Պողոսյանը իմ հարցին, թե արդյո՞ք երաշխավորում է Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անվտանգությունը՝ պատասխանեց, որ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անվտանգությունը ապահովված է: Պողոսյանը նաև տեղեկացրեց, որ իրեն խցային ռեժիմ տեղափոխելու Շանթ Հարությունյանի դիմումը ՔԿՎ տեղաբաշխման հանձնաժողովը կքննարկի երեքշաբթի օրը:

 

Շանթ Հարությունյանը ինձ խնդրեց իր անունից հայտարարություն հրապարակել, որի բովանդակությունը կփոխանցեմ armtimes.com-ի խմբագրությանը»:

 

Նիկոլ Փաշինյան