Չնայած այն իրողությանը, որ արդեն ավելի քան 4 տարի է, ինչ Սիրիայում շարունակվում է ներքին զինված հակամարտությունը, երկիրը բաժանված է իշխող վարչակարգի, «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, բազմաթիվ տարաբնույթ այլ խմբավորումների, քրդերի միջև, էականորեն վնասվել են հազարավոր բնակավայրեր, խոշոր քաղաքների մեծաթիվ բնակելի թաղամասեր, երկրից փախստականի կարգավիճակով արտագաղթել է շուրջ 4 մլն մարդ, այնուամենայնիվ սիրիական մի շարք բնակավայրերում արձանագրվում է անշարժ գույքի և հատկապես բնակարանների գնի ռեկորդային աճ:
Ընդ որում, կտրուկ աճել են ինչպես բնակարանների առ ու վաճառքի, այնպես էլ՝ դրանց վարձակալության գներն, և ինչն առավել ուշագրավ է՝ երկրի բոլոր հատվածներում՝ թե՛ իշխող վարչակարգի, թե՛ ընդդիմադիր խմբավորումների ենթակայության տակ գտնվող տարածքներում:

 


Ընդ որում, եթե իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող Սիրիայի շրջաններում նման գնաճը պայմանավորվում է ներքին տեղահանվածների կամ փախստականների զգալի թվի գործոնով, ապա հակաիշխանական տարածքներում՝ ռազմական գործողությունների հետևանքով արձանագրված բնակտարածքների զանգվածային ավերածության հանգամանքով:

 


Անշարժ գույքի ոլորտի սիրիացի փորձագետների հավաստմամբ՝ իշխանությունների համար կենսական կարևորություն ներկայացնող այնպիսի քաղաքներում, ինչպես, ասենք՝ Տարտուսում, Լաթակիայում, Դամասկոսում, Սուեյդայում, պայմանավորված հակամարտության հետևանքով բնակչության թվի աճի ահռելի տեմպերի հետ, բնակարանների վարձակալության, նաև վաճառքի գները վերջին 4 տարիների ընթացքում աճել են շուրջ 10 անգամ: Որպես օրինակ՝ Դամասկոսի հեղինակավոր թաղամասերում բնակարանների արժեքը տատանվում է 0,7-1,5 մլն դոլար:

 


Պետք է նշել նաև, որ, դարձյալ փորձագիտական տվյալների համաձայն, ներքին զինված հակամարտության ողջ ընթացքում Սիրիայում ոչնչացվել է շուրջ 1 մլն միավոր բնակտեղի, իսկ ամենախոշորամասշտաբ ավերածությունները գրանցվել են երկրի՝ մեծությամբ երկրորդ Հալեպ քաղաքում:

 

 

Արմեն Պետրոսյան