Շուրջ վաթսուն տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

 

Դավանանքի ազատությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում արձանագրված հիմնական սկզբունքներից մեկն է, որը վավերացնող երկրների թվին է պատկանում նաև Իրանը: Հռչակագրի դրույթների համաձայն' յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքը ներառում է սեփական կրոնը կամ դավանանքը փոխելու ազատությունը, ինչպես նաև միայնակ կամ այլոց հետ և հրապարակավ կամ անհատապես սեփական կրոնը կամ դավանանքը ցուցադրելու իրավունքը:
Անդրադառնալով եվրոպական երկրների և ԱՄՆ-ի կողմից տարիներ առաջ հնչեցրած այն տեսակետին, թե Իրանում թափ են առնում ճանաչված կրոնական փոքրամասնությունների (այդ թվում հայերի) նկատմամբ խտրականությունն ու բռնությունները' որպես օրինակ բերելով կրոնական փոքրամասնությունների հոգևոր առաջնորդների ձերբակալությունները, պետք է նշել, որ պատկերն այսօր բոլորովին այլ է:
Եթե 2011 թվականին աշխարհում կրոնական ազատությունների' ԱՄՆ-ի հանձնաժողովի տարեկան զեկույցում «հատուկ մտահոգություն առաջացնող 14 երկրների» ցանկում էր նաև Իրանի Իսլամական հանրապետությունը, ապա այսօր, նույն բրիտանական Guardian պարբերականն անդրադառնալով Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդրին, գրել է, որ վերջին երկու տարիների ընթացքում կտրուկ փոխվել է վերաբերմունքը կրոնական փոքրամասնությունների նկատմամբ:

 

Դա բացատրվում է նրանով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով իշխանության է եկել ընդամենը երկու տարի առաջ՝ 2013-ին, արդեն հասցրել է ազատամիտ ղեկավարի համբավ ձեռք բերել և հայտնի դառնալ բազմաթիվ բարեփոխումներով: Դրանցից մեկն էլ Իրանի փոքրամասնությունների հարցերով հատուկ խորհրդական նշանակումն էր, ինչն աննախադեպ հաստիք է այդ երկրում:Եվ իրոք, թեև Իրանի պաշտոնական կրոնը իսլամն է, այնուամենայնիվ, այն նաև ընդունում է քրիստոնյաներին, հրեաներին և զրադաշականներին' որպես կրոնական փոքրամասնություններ։ Նրանք ունեն իրենց պաշտամունքի տները, որտեղ իրականացնում են կրոնական ծիսակատարություններ, ինչպես նաև իրենց մշտական տեղն ունեն Իրանի խորհրդարանում։ Հարկ է նշել, որ Իրանի Մեջլիսը՝ խորհրդարանը, ունի 290 պատգամավոր, որոնցից պարտադիր երկու տեղը հատկացվում է հայերին, մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։

 

Տաթև Տիգրանյան