ՀԷՑ-ի շուրջ ծավալվող զարգացումները գնալով հիշեցնում են հայտնի ռուսական ասացվածքը. чем дальше в лес, тем больше дров: Մոտս այնպիսի տպավորություն է, որ էլեկտրաէներգիայի թանկացման այս պատմությունը ասես հատուկ կազմակերպած լինեն, որպեսզի ջրի երես դուրս գան տասնյակ մութ գործարքների մասին մանրամասներ և մի քանի «վաստակաշատ» թալանչիների անուններ։

 

Իրոք դժվար է պատկերացնել, որ այս աստիճան պրիմիտիվիզմը միամիտ է ստացվել։ Ախր ամեն ինչ՝ սկսած ՀԷՑ-ի հայտում բերված հիմնավրումներից, վերջացրած որպես հիմնավորում բերված փաստերի արմատները չեն դիմանում ոչ մի քննադատության և սիրողական հետաքննությամբ ի հայտ են գալիս այնպիսի մանրամասներ, որոնք Ստալինի ժամանակներում կներառվեն «За вредительство» հոդվածի տակ։ Հիշեցնեմ, որ այս հոդվածի համար գնդակահարություն էր հասնում, եթե պատճառված վնասը գերազանցում էր 100.000 ռուբլին...
Ահա ընդամենը երկու ուշագրավ մանրամասներ, որոնք պեղել են լրագրողները։

 

1. Մինչ ՀԷՑ-ը նվնվում է վնասով աշխատելու մասին, Ինտեռ ՌԱՕ-ն, որի կազմի մեջ մտնում է ՀԷՑ-ը, հրապարակել է հաշվետվություն, որտեղ պարզ երևում է, որ 2015 թվականի առաջին եռամսյակում ՀԵՑ-ի հասույթը աճել է ավելի քանի 60 տոկոսով՝ 3,4 մլրդ ռուբլուց հասնելով 5,7 միլիարդի։ Սա մեծապես պայմանավորված է դրամի արժևորմամբ, բայց դե եթե հիշում եք, ՀԷՑ-ում դրամի արժևորումը բերում էր որպես վնասով աշխատելու պատճառ, մինչդեռ, ինչպես տեսնում ենք, «վնասի» պատճառով, եկկամուտները համարյա կրկնապատկվել են։

 

2. «Էկթրաք սերվիս» ՍՊԸ-ի սեփականատերն է պարզվել։ Հիշեցնեմ, որ այս կազմակերպությունը ամենաաղմկահարույց կետերում էր ներառված։ Հանց այս կազմակերպության հետ է ՀԷՑ-ը աստղաբաշխական թվերով պայմանագրեր կնքել՝ մեքենաների ու անշար գույքի վարձակալություն, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելու նպատակով։ Հիմա էլ պարզել են, որ այդ ընկերությունը հիմնադրել է ոչ այլ ոք, քան ՀԷՑ-ի նախկին փոխտնօրեն Կարեն Դարբինյանը, իսկ հետո իր փայաբաժինը փոխանցել է իր մորաքրոջ որդուն՝ Գեղամ Կարապետյանին։ Ու թեև Դարբինյանը լքել է իր պաշտոնը (ասում են՝ Բիբինի հետ հակասություններ ունենալու պաճառով), իսկ ՀԷՑ-ը էապես կրճատել է այս ընկերության վրա ծախսվող միջոցների քանակը, սակայն անհասկանալի ու անիմաստ ծախսերից առաջացող փողերի գետը շարունակում է հոսալ դեպի «Էկթրաք սերվիս» ՍՊԸ։
Վստահ եմ, սա դեռ միայն սկիզբն է բացահայտումների և այս պատմությունը դեռ շատ մութ պատմություններ կլուսավորի։ Մնում է տեսնենք, թե արդյո՞ք կշարունակեն ձեռք առնել ժողովրդին ու ոչ մի միջոցներ չեն ձեռնարկի ազգային հարստությունը թալանողների հետ, թե՞ այնուամենայնիվ գոնե ցուցադրական սանկցիաներ կհետևեն։

 

Գեղամ Ասլամազյան