Ժամանակն է գործել պարոնայք…
Սահմանադրական բարեփոխումների թեման քաղաքական դաշտի ամենաքննարկված հարցերից մեկն է:
Վերջինիս շուրջ բարձրացած աղմուկը, ըստ տրամաբանության, պետք է ունենար որոշակի շարունակություն, ինչ որ գործողություններ, հստակ քայլեր: Սակայն մեր քաղաքական դաշտի ոչ իշխանական բևեռը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել իր «զարմանահրաշ» քայլերով:
Ինչևիցե, այս մասին չէ, որ ուզում եմ խոսել:
Հարկ եմ համարում հիշեցնել, որ մայիսի 5-ին ավարտվում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու ժամկետը, որից հետո այլևս գրավոր առաջարկներ չեն ընդունվի։
Այսօր tert.am-ում մի հոդված տեսա, որտեղ ներկայացված էր, թե խորհրդարանական ուժերը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ինչպիսի առաջարկներ են արել:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական խորհրդակցությունների մասնակցած ուժերից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին հայեցակարգի վերաբերյալ գրավոր առաջարկներ են ներկայացրել «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» և Քրիստոնեա-Դեմոկրատական կուսակցությունը:
Խմբակցությունների անդամների տված պատասխաններից հստակ երևում է, որ նրանցից գրեթե ոչ ոք հստակ նախաձեռնությամբ հանդես չի եկել, այսինքն Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ուժերը առանձնապես առաջարկներ չունեն:
Սահմանադրական փոփոխությունները առաջիկայում սպասվող ամենախոշոր քաղաքական գործընթացներից մեկն է: Իսկ ի՞նչ են անում մեր քաղաքական ուժերը' ընդիմադիր , այլընտրանքային և այլն և այլն: Եթե վերջիններս պարզապես չեն ցանկանում դուրս գալ քաղաքական թայմ աուտից և չեն ցանկանում այս գործընթացի վերաբերյալ որևէ ակտիվություն ցուցաբերել, այլ է:
Բոլորովին այլ հարց է, եթե փորձում են ֆոն ստեղծել, թե բոյկոտում են նախաձեռնությունը: Սակայն այս պարագայում ևս, դա որպես քաղաքական ակցիա չի նկատվում: Նրանք միայն հայտարարում են , որ չեն ընդունում, չեն ուզում կամ չգիտեն… իսկ սա բավկանին քիչ է, քանի որ Սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որը տեղի է ունենալու առաջիկայում, պահանջում է բավականին լուրջ մոտեցում:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, դրական կամ բացասական վերաբերմունքը , կոնկրետ քաղաքական ակտ է ենթադրում: Այս տեսակ մոտեցումը, թերևս, քաղաքական գրեթե ոչ մի ուժի կողմից նկատելի չէ:
Խաչատրյան Ժոռա